Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն արդեն մեկնարկել է՝ առաջին փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագա փուլերում նախատեսվել է արտահանվող արտադրանքի ծավալն ավելացնել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ արտահանումը կազմակերպվել է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, տեղեկացնում է Արմենպրեսը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայ կատարած այցի ժամանակ այցելել է ընկերություն։ Հիմնադիրների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ընկերության աշխատանքին, առկա ենթակառուցվածքներին և արտադրական կարողություններին։
«Watermelon Ecosystem»-ը սննդի և ըմպելիքների բնագավառում գործող տեխնոլոգիական հարթակ է, որը մեկ համակարգում միավորել է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդամթերքի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին։ Հարթակն առաջարկում է թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։
Ընկերությունը նաև ակտիվ համագործակցություն է ծավալել տեղական արտադրողների ու մատակարարների հետ՝ նպաստելով սննդի սպասարկման ոլորտում նրանց արտադրանքի հասանելիության մեծացմանը։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորություններին։ Նրանք պայմանավորվել են ավելի սերտ համագործակցություն զարգացնել ինչպես ներդրումային ծրագրերի իրագործման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ։





