Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Tour of Armenia միջազգային հեծանվավազքի ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի պրոֆեսիոնալ հեծանվորդ Սիմոնե Ռականին, որը ներկայացնում է Ukyo թիմը: Իտալացի հեծանվորդն արժանացել է նաև Tour of Armenia-հաղթողի կոչմանը: Մրցանակները նրան հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանուր հաշվարկի 2-րդ մրցանակակիր է դարձել Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը: Ընդհանուր հաշվարկի 3-րդ մրցանակակիր է ճանաչվել Իտալիայի ներկայացուցիչ Լուկա Կովիլին, որը ներկայացնում է «Bardiani CSF 7 Saber» թիմը:
Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments թիմը:
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլն անցկացվել է Երևանում: Հեծանվորդները մրցել են 9.4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում՝ անցնելով 10 շրջան: Մրցափուլի ընդհանուր երկարությունը կազմել է 94 կմ: Մրցումային 4-րդ օրվա հաղթող է ճանաչվել Միշելե Գազոլին Իտալիայից:
Լեռնային դասակարգման առաջատար («լեռների արքա») անվանակարգում հաղթել և կապույտ մարզաշապիկին է արժանացել Լեոնարդո Վեսկոն (Իտալիա):
Լավագույն երիտասարդ հեծանվորդ անվանակարգում հաղթել և սպիտակ մարզաշապիկին է արժանացել Քևին Բիելը (Դանիա):
Պարգևատրման արարողությունից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել Tour of Armenia առաջին մրցաշարի հաջող անցկացման առիթով:
«Առաջին մրցաշար» արտահայտությունն արդեն գալիս է հուշելու, որ հաջորդիվ մեզ սպասում է երկրորդ, երրորդ, չորրորդ, և հույս ունենք, շարունակական մրցաշարեր: Պիտի ասեմ, որ սա, իսկապես, նոր փորձառություն է Հայաստանի Հանրապետության համար: Նոր փորձառություն է՝ բոլոր իմաստներով: Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում այս կարգի միջազգային հեծանվային մրցաշար անցկացված լիներ առնվազն՝ անկախությունից ի վեր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ մրցաշարը բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը և անկասկած, մեծ հետաքրքրություն է առաջացնելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որն այսօր էլ տուրիստական շատ մեծ հոսքեր ունի: Ես համոզված եմ, որ այս մրցաշարն ավելի կմեծացնի հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները ստացել են Alé Cycling ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Մասնակից 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օրերի ընթացքում հեծանվորդներն ընդհանուր առմամբ ավելի քան 500 կմ ճանապարհ են անցել:





