2025-ին 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Նաիրիտ 2» ՓԲ ընկերության գույքն իրացվել է գնահատված արժեքից մոտ 60 տոկոս ցածր գնով: Այդ մասին հայտնի է դարձել ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրականացրած գույքի հարկադիր իրացման գործընթացի օրինականությունն ուսումնասիրելու արդյունքում։
420.8 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով գույքի իրացման ընթացքում, սնանկության հիմքերի առկայության պայմաններում, կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը և ընկերությանը 90-օրյա ժամկետում սնանկության դատարան դիմելու առաջարկն ուղարկվել են սխալ հասցեով։ Արդյունքում ընկերությունը զրկվել է օրենքով նախատեսված գործողությունները պատշաճ ժամկետում իրականացնելու հնարավորությունից։
Բացի այդ, հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման մեջ ներառվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ գույքի գրավադրված լինելու և 6.07 մլրդ դրամի պարտավորությունների նոր սեփականատիրոջը փոխանցվելու վերաբերյալ։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սակարկությունների կարգի խախտման արդյունքում գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ոչ ամբողջական տեղեկատվությունը սահմանափակել է այլ անձանց մասնակցության իրական հնարավորությունը, և գույքն աճուրդում իրացվել է մոտ 250․0 մլն դրամով ցածր՝ 167.8 մլն դրամ գնով։
Հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն․ նախաձեռնվել է քրեական վարույթ։





