Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով 2027 թվականից բարձրացվելու են նախագահի, վարչապետի, պատգամավորների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Կբարձրանան նաև դատարանների նախագահների, գլխավոր դատախազի և մի քանի հարյուր այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ որոշ դեպքերում գրեթե կրկնակի, հայտնում է Sputnik Արմենիան:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նոր կարգավորումների համաձայն՝ նախագահի բազային աշխատավարձի՝ 83,200 դրամի գործակիցը դառնալու է 32։ Արդյունքում նրա աշխատավարձը գրեթե կրկնապատկվելու է՝ 1․5 միլիոն դրամից հասնելով 2․6 միլիոն դրամի։
Վարչապետի բազային աշխատավարձի գործակիցը ևս սահմանվել է 32, ինչի արդյունքում նրա աշխատավարձը նույնպես կազմելու է 2․6 միլիոն դրամ։
2025թ․ դրությամբ նրա աշխատավարձը ևս կազմում է մոտ 1․5 մլն դրամ:
Փոխվարչապետի աշխատավարձը նախատեսվում է հասցնել 2․1 միլիոն դրամի, Անվտանգության խորհրդի քարտուղարինը՝ մոտ 2 միլիոն դրամի, իսկ ՄԻՊ-ինը՝ 1․8 միլիոն դրամի։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998,000 դրամի փոխարեն:
Ավելանալու են նաև Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների աշխատավարձերը։ Մասնավորապես, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմելու է 2․4 միլիոն դրամ (2025թ․ դրությամբ մոտ 1․5 մլն դրամի փոխարեն):
Էականորեն կբարձրանան պատգամավորների աշխատավարձերը. ներկայում գործող բանաձևով նրանց աշխատավարձը կազմում է 832,000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։
Օրենսդրական փաթեթով փոփոխություններ են նախատեսվել նաև ուժային կառույցների և դատական իշխանության ներկայացուցիչների վարձատրության համար։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձը գերազանցելու է 2․4 միլիոն դրամը, իսկ գլխավոր դատախազինը՝ 1․8 միլիոն դրամը։





