Սեպտեմբերի 19-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ տեղի է ունեցել Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։
Արարողության ընթացքում շարականների և սաղմոսների երգեցողությամբ ջրով ու գինով լվացվել են եկեղեցու Սուրբ Սեղանը, սյուները և մկրտության ավազանը։ Այնուհետև «Հրաշափառ» շարականի ներքո խորան է բարձրացվել Սրբալույս մյուռոնը, որով Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է Սուրբ սեղանի օծումը։
Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը նորակառույց եկեղեցին կոչել է Սուրբ Աստվածածնի անունով։
Եկեղեցու օծման բերկրալի առիթով կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունն է բերել հավատացյալ ժողովրդին։
«Ինչպիսին էլ լինեն նեղություններն ու խնդիրները, դրանց հանդիման գոտեպնդվնեք հույսով և անխախտ հավատով։ Միշտ ընտրենք ազնվությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն տեսակ անարդարություն, սուտ ու անօրինություն։ Արդարև, հավատքի վեմի վրա հիմնված եկեղեցում թագավորում են միայն տերունավանդ սերը, փոխըմբռնումն ու համերաշխությունը՝ ապրելու ազնիվ հանձնառությամբ և նվիրյալ ծառայությամբ առ Աստված, ազգն ու հայրենին»,– պատգամել է Վեհափառը:
Դիմելով բյուրեղավանցիներին՝ կաթողիկոսը հորդորել է շեն պահել նորակառույց եկեղեցին՝ մշտահունչ աղոթքով, կանոնավոր այցելություններով, հոգատարությամբ ու սիրով պայծառացնելով Աստծո տունը։
Նա հորդորել է, որ մարզային և քաղաքային իշխանություններն աջակից լինեն թեմում սպասավորող հոգևորականներին և նպաստեն նորաօծ եկեղեցու կարևոր առաքելության բարվոք իրականացմանն ու արդյունավորմանը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման առիթով Նորին սրբությունը եկեղեցուն ընծայել է Սուրբ Ծննդյան սրբապատկեր՝ որպես մշտաբուխ աղբյուր Սուրբ Էջմիածնից բաշխվող օրհնության, իսկ Արոյան եղբայրներին շնորհել է Հայրապետական օրհնության գրեր։
Այնուհետև նորաօծ եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Բառնաուլ քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաշտոց քահանա Հակոբյանի ձեռամբ։





