Սահմանազատումը պետք է հաստատագրի սահմանի իրական լինելը, հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
«Ինչքան կտևի՞… Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է այդ պրոցեսը։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ պետական սահմանի բացակայությունը կարող է պատերազմների համար հիմք դառնալ։
«Ինչքան շուտ մեր հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն հարևան երկրները մեզ հետ միասին»,- ասել է Քոչարյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորը նաև նշել է, որ անկախությունը մշտապես պաշտպանելու անհրաժեշտություն կա, և դրան պետք է պատրաստ լինեն բոլորը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:
«Այդտեղ է խնդիրը, որը դեռ լուծված չէ։ Պատասխանատվությունը մեր երկրի, Զինված ուժերի կայացման հանդեպ, տարբեր ընկալումների միջով է անցնում»,-ասել է նա:





