AM
23 Սեպտեմբեր 2026 - 15:01 AMT

Մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպին» նախատեսվում է հարկային արտոնություն տալ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին և որդուն՝ ՔՊ-ական Վահագն Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն կստանա 270.7 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն։ Հարցն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի ցանկում, հայտնում է Aysor.am-ը:

Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ այժմ զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը։

Կառավարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ, ինչպես նաև 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Նախատեսված լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը հասնելու է 4․3 մլրդ դրամի։ Ընդհանուր արժեքի համար մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ։

Հիմնավորման մեջ նաև արձանագրվել է, որ արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչի հետևանքով ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, ինչպես նաև տեղական արտադրության և արտահանման խթանում։

«Ջերմուկ գրուպը» հիմնադրվել է 1996 թվականին, իսկ ընկերության հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։ Արսենյանն առաջիններից է եղել, ով 2018 թվականին լքել է ՀՀԿ-ի շարքերը։