AM
24 Սեպտեմբեր 2026 - 10:21 AMT

Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը

Խոշոր վթար է արձանագրվել Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարում, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Նշվում է, որ մասնագետներն արդեն աշխատում են վթարի վայրում։

«Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունը նշել է, որ նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։

«Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։ Սակայն այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։

Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,-ասվում է հաղորդագրության մեջ: