ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն առաջադրվել է Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու՝ հոկտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում գլխավորելով կուսակցության համամասնական ցուցակը։
Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջադրվելով որպես տեղի իշխանությունների գլխավոր և հիմնական ընդդիմախոս՝ իրենց քաղաքական այլընտրանքն ենք առաջարկում Արտաշատ խոշորացված համայնքի բնակիչներին՝ պայքարելով նրանց վերարտադրության դեմ։
«Սա համարում եմ իմ ու իմ գաղափարակից ընկերների՝ այս իշխանությունների ապազգային քաղաքականության դեմ փողոցից, բանտերից, դատարաններից տարիներ շարունակվող պայքարի հերթական հանգրվանն ու մարտահրավերը։
Տևական ժամանակ տարբեր ճանապարհներով, այս իշխանությունները համայնքները զավթելով՝ դրանք դարձրել են իրենց հանձնվողականության, ապազգային քաղաքականության և վերարտադրության հենարան»,-ասվում է գրառման մեջ:
Վարդանյանը կոչ է արել մասնակցել ընտրությանը և քաղաքական անհամաձայնություն հայտնել օրվա «իշխանությունների պարտվողական, հանձնվողական և ապազգային քաղաքականությանը»։





