AM
26 Սեպտեմբեր 2026 - 13:04 AMT

Վարդանյանի կինը հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակաբաշխության մեկնարկի մասին

Բաքվում շինծու գործով 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է «Կամուրջներ դեպի ապագա» նորաստեղծ մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Դափնեկիրների անունները կհայտարարվեն 2027 թվականի մայիսի 25-ին՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը, հայտնում է Sputnik Արմենիան:

Մրցանակաբաշխության Telegram-ալիքում նշվել է, որ Վարդանյանի և Զոնաբենդի նախաձեռնությունը մարդասիրական ոլորտում նրանց բազմամյա գործունեության շարունակությունն է։

Մրցանակը նախատեսվում է շնորհել բարեգործության, կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող նախագծերին։ Առավելություն է տրվելու այն նախաձեռնություններին, որոնք այլևս միայն գաղափարի փուլում չեն, արդեն ինքնուրույն որոշակի ուղի են անցել և հետագա զարգացման անհրաժեշտություն ունեն։

Փորձագետները գնահատելու են, թե նախագծերի թիմերն ինչ չափով են կարողացել հաղթահարել իրենց ճանապարհին առաջացած դժվարությունները և որքան խորությամբ են ընկալել այն խնդիրները, որոնց լուծման պատասխանատվությունը ստանձնել են։

«Մեզ համար կարևոր է գտնել նրանց, ովքեր տեսել են մյուս ափը և արդեն կամուրջ են կառուցում դեպի այնտեղ, որտեղ նախկինում դա անհնար էր թվում։ Եվ նման նախագծերի շուրջ հավաքել տարբեր մարդկանց՝ տարբեր փորձով, բայց հավասարապես պատրաստ աջակցելու այս շինարարությանը»,-հայտարարել է մրցանակաբաշխության խորհրդի ղեկավար Զոնաբենդը։

Դափնեկիրները հետագա զարգացման նպատակով ստանալու են մինչև 10 մլն ռուբլի, ինչպես նաև մասնագետների խորհրդատվություն և տեղեկատվական աջակցություն։

Օժանդակություն է տրամադրվելու նաև կարճ ցուցակում ներառված նախագծերին, որը հրապարակվելու է 2027 թվականի ապրիլին:

Հուլիսի 8-ին Զոնաբենդը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ դրանից հետո՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային հումանիտար առաքելության կազմում հայ գերիներին այցելելու նպատակով Բաքու մեկնելու իր մտադրության մասին։

Օգոստոսի 20-ին Զոնաբենդը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը հայտնել էր, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես չեզոք միջնորդ ներգրավվել Ադրբեջանում պահվող հայերի հետ տեսակցություն կազմակերպելու գործընթացում։