Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղակայված «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված հրդեհի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, հայտնում է ՀԷՑ-ը։
«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում։ Դեպքի վայրում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Ենթակայանում բռնկված հրդեհի պատճառներն ուսումնասիրվում են։ Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին»,-ասվում է գրառման մեջ:
Հրդեհը մարվել է հրդեհը ժամը 21:10-ին:
ՆԳՆ մամուլի քրտուղար Նարեկ Սարգսյանը ասել էր, որ էլեկտրական բաշխիչ կայանի տրանսֆորմատորներից մեկն է բռնկվել, որում եղել է 25-30 տոննա յուղ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի մյուս տրանսֆորմատորներ և խոտածածկ տարածք, հայտնում է Panorama.am-ը:
«Հոսպիտալացվել է ծխահարված հրշեջներից մեկը, մյուսը բուժօգնություն է ստանում»,-ասել էր Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ հրդեհի բռնկման վերաբերյալ տարբեր վարկածներ կան, և դեպքի առնչությամբ քննություն է իրականացվելու։
Ժամը 22:30-ի դրությամբ՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ մի քանի բազմաբնակարան շենքերի (մի քանի հարյուր բաժանորդ), որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա 2-3 ժամերի ընթացքում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
ՀԷՑ Անվտանգության և վերահսկողության տնօրենության կողմից արդեն մեկնարկել և այս պահին իրականացվում է ծառայողական քննություն՝ հրդեհի պատճառահետևանքային կապն ու հանգամանքները պարզելու նպատակով։





