Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները համաշխարհային 46-րդ օլիմպիադայի «Ա» խմբում բրոնզե մեդալներ են նվաճել՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Տղամարդկանց հավաքականը մարզել է Արման Փաշիկյանը։
Հայաստանի կանանց հավաքականը ներկայացրել են միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Կանանց հավաքականի մարզիչը Զավեն Անդրիասյանն է եղել։
Հայաստանի ներկայացուցիչները հաջողության են հասել նաև անհատական հաշվարկում՝ արժանանալով մեդալների։
Մարիամ Մկրտչյանը հնարավոր 11 միավորից վաստակել է 9-ը և երրորդ խաղատախտակի վրա նվաճել է արծաթե մեդալ։
Շանթ Սարգսյանը հնարավոր 11 միավորից վաստակել է 8-ը և երրորդ խաղատախտակի վրա արժանացել է բրոնզե մեդալի։
Մարիամ Մկրտչյանը օլիմպիադայի շրջանակում լրացրել է նաև միջազգային վարպետի (IM) իր երրորդ նորման։ Մարիամի միջազգային վարկանիշն արդեն գերազանցում է 2400-ի շեմը, և ՖԻԴԵ-ի առաջիկա նիստում նրան պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում։





