Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում, անդրադառնալով Չեռնոգորիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, դժգոհել է մրցավարությունից:
Չեռնոգորիայից կրած պարտության պատասխանատվությունը մարզիչը համարում է իրենը, հայտնում է Արմենպրեսը:
«Ես դժգոհ եմ մրցավարների աշխատանքից: Այս խաղի համար ունեինք Ա ու Բ պլաններ: Առաջին կեսում գործեցինք Ա պլանով, իսկ երկրորդ կեսում` Բ պլանով: Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից ու այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Վստահ եմ, որ այս թիմն ապագա ունի, տղաները շատ նվիրված են հավաքականին: Ֆուտբոլիստների նվիրվածությունը մեզ լավ ապագա է խոստանում»,-ասել է նա:
Նրա խոսքով` այժմ հավաքականը ֆուտբոլիստների պակաս ունի, քանի որ մի խումբ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն:
Խոսելով դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի մասին` Մելիքյանն ընդգծել է, որ նա նվիրված ու հավասարակշռված ֆուտբոլիստ է:
Մարզիչն ընդգծել է, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում Հայաստանի հավաքականը պետք է գործի նույն կերպ, ինչ այս խաղում:





