2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերն անցկացվելու են Հայաստանում, իսկ Երևանը դառնալու է ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստի ընթացքում։
Նիստում Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։
Խորհրդի նիստը կայացել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։
Հանդիպմանը մասնակցել է ԱՊՀ 9 պետություն՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ԱՊՀ անդամ պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության արդիական հարցերին։
Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացված և ընթացիկ աշխատանքները, միմյանց հետ կիսվել փորձով, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր ուղղությունները։
2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում անցկացվելու է նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։





