Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ-ի հունիսի 18-ի վճիռը՝ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը՝ բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր գնահատելով:
Նա գնահատել է բողոքարկման հնարավոր հիմքերը:
«Դա սպասելի էր։ Բողոքը դեռ չենք ստացել։ Բողոքարկման հաջողության հավանականությունը ցածր է, 5-6 տոկոս` ըստ վիճակագրության։ Առավել կարևոր է, թե ինչ հիմքով է Ադրբեջանը բողոքարկել վճիռը։ Փաստերի ուժով չի կարող բողոքարկել։ Մեծ Պալատ կարելի է բողոք ներկայացնել միայն իրավունքի հարցի մասով՝ եթե բողոքում բարձրացվում է հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի որևէ հոդվածի մեկնաբանությանը, կամ այնպիսի հարց, որն ընդհանուր (համաեվրոպական) նշանակություն ունի։
Այդ առումով առավել հնարավոր է, որ Ադրբեջանը բողոքարկելու է արտատարածքային իրավազորության տեսական հիմքը, որը ՄԻԵԴ-ը կիրառել է սույն գործով։ Դեպքերը տեղի են ունեցել Թալիշ գյուղի հայկական դիրքերի թիկունքում, որը մեծամասամբ գտնվում էր Արցախի զինված ուժերի հսկողության տակ։ Սակայն ադրբեջանական դիվերսիոն խումբը ժամանակավոր ներթափանցել էր թիկունք ու այնտեղ իրականացրել ռազմական հանցագործություններ։
ՄԻԵԴ-ը չի կիրառել «պատերազմի ակտիվ փուլ» սկզբունքը, որի դեպքում դիմումը կմերժեր (պատերազմի ակտիվ փուլում, երբ հակամարտության կողմերը ակտիվ ռազմական գործողությունների մեջ են, գրեթե ամբողջությամբ գործում է հունանիտար իրավունքը, ՄԻԵԿ-ը կիրառելի չէ): Այս սկբունքը հիմնականում գործում է հեռահար ռմբակոծությունների դեպքում։
ՄԻԵԴ-ը փոխարենը կիրառել է անհատական մոտեցման սկզբունքը, ըստ որի զինված ուժերի կողմից տարածքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմաններում հակառակորդի առանձին ստորաբաժանումների կամ զինվորների անհատական գործողությունները թիկունքում նույնպես կարող են վերագրվել հակառակորդի զինված ուժերին՝ այդ ամենը գնահատելով որոշակի հավանականությամբ (element of proximity):
Կարծում եմ հենց սա կբողոքարկվի Ադրբեջանի կողմից, քանի որ հավանականության (կամ մոտիկության) այս դոկտրինը զարգացող սկզբունք է, և դրա չարաշահումը ստեղծում է գորշ գոտիներ միջազգային իրավունքում, որից օգտվում են հակամարտող կողմերը, որից նաև Ադրբեջանը լայնորեն օգտվեց 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններում»,-ասվում է գրառման մեջ:
Հունիսին ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից գլխատված հայ զինվոր Հ.Թ.-ի վերաբերյալ՝ Հ.Թ.-ն և այլք ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։ Գործը վերաբերել է հայ ընտանիքի պնդմանը, ըստ որի՝ նրանց որդուն և եղբորը՝ զինծառայող Հ.Թ.-ին, խոշտանգել և գլխատել են 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Մարտերն ընթացել են այն տարածքների շուրջ, որոնք տվյալ ժամանակահատվածում կազմել են չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» («ԼՂՀ»)։
2016 թվականի ապրիլի 5-ին, հրադադար է կնքվել։ Դրանից հետո հայտնաբերվել են հակամարտության երկու կողմերի զոհված զինծառայողների մարմինները։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մարմիններից մի քանիսը վերադարձվել են խեղված վիճակում՝ առանց գլուխների, ձեռքերի և ականջների բլթակների։





