AM
1 Հոկտեմբեր 2026 - 16:09 AMT

Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները

Ժամանակավորապես փակվել են Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Այս մասին գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ գազալցակայանները փակվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար, հայտնում է Factor.am-ը:

«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշել են ՔԿ-ից։

Հարություն Մանուչարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքը ղեկավարել է 2017-2022 թվականներին։ Մինչ այդ՝ 2012 թվականից, նա զբաղեցրել է Բերդ քաղաքի քաղաքապետի պաշտոնը։

2022 թվականի սեպտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը հաղթանակ է տարել։ Սակայն նույն տարվա հոկտեմբերին Մանուչարյանը հայտարարել է ավագանու մանդատից հրաժարվելու մասին։

2021-2022 թվականներից սկսած նա հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Մանուչարյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, ինչպես նաև որդու կառուցած ինքնակամ շինությունների օրինականացման հետ կապված ենթադրյալ չարաշահումների համար։

Բերդի նախկին համայնքապետը մի քանի անգամ ձերբակալվել և կալանավորվել է։ 2026 թվականի օգոստոսին դատարանը մերժել է նրա կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։