Հայաստանի կառավարությունը վերացրել է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունվարի 23-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում ցեմենտի ներքին շուկայում ստեղծված իրավիճակով, հայտնում է Sputnik Արմենիան:
Երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ և լիցենզավորման կարգավորում էին սահմանվել, ինչի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։
«Ներկայում առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ»,– ասված է որոշման մեջ։
Ցեմենտը Հայաստանը հիմնականում ներմուծում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։





