AM
2 Հոկտեմբեր 2026 - 11:49 AMT

«Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր. Շուտով կլսեք ՀՀ-ում ֆուտբոլային մեկ այլ նախաձեռնության մասին

Սեպտեմբերի 30-ին Երևանում բացված Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիան ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում, երկրորդը՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Երկու մասնաճյուղերի բացման արարողություններից բացի, տրվել է նաև երրորդի կառուցման մեկնարկը՝ Կոտայքի Նոր Հաճն համայնքի Bosco Welltown թաղամասում կայացել է հիմնարկեքի արարողությունը:

«Հրազդան»-ի հարևանությամբ գտնվող մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան Freedom Arena մարզադաշտը, որը հյուրընկալում է մոտ 2000 հանդիսական:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

«Մոտ 20 մլն դոլար ներդրում, հազարից ավելի մարդկանց ներգրավում շինարարական գործընթացին, ինքնատիպ ճարտարապետական, ինժեներական և շինարարական լուծումներ, շուրջօրյա շինաշխատանքների իրականացում, նվիրվածություն և կամք, ահա թե ինչի շնորհիվ հնարավոր եղավ մեկ տարի և երեք ամիս առաջ կայացած շնորհանդեսից և հիմնարկեքի արարողությունից հետո իրականացնել այս ծրագիրը։

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի ծրագրի շրջանակում կառուցվել է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող բազմաֆունկցիոնալ մարզադաշտ՝ Հայաստանում նախադեպը չունեցող խաղային ու ֆասադային լուսավորությամբ և բարդ ինժեներական լուծումներով։ Կառուցվել է թվով 10 մեծ և փոքր, փակ և բաց, բնական և արհեստական խոտածածկով դաշտեր, ինչպես նաև ավազե դաշտ։ Իտալիայից Հայաստան ժամանած մարզիչների, ինչպես նաև Հայաստանի մարզերից ժամանած երեխաների համար կառուցվել է ժամանակակից հյուրանոց-կացարան։ Հայաստանի մարզերից սելեկցիա անցած լավագույն խաղացողներն արդեն բնակվում են այնտեղ»,- նշել է նա։

Ակադեմիայի շրջանակում կառուցվել է 18 հանդերձարան, կոնֆերանս դահլիճ, լսարաններ, մամուլի ասուլիսների սրահ, սպորտային մարմնամարզության դահլիճ, ֆիթնես և վերականգնողական գոտիներ։ Ակադեմիան հագեցած է մարզումային տվյալների հավաքագրման և վերլուծության նորագույն տեխնոլոգիաներով։

Ըստ Սադոյանի՝ ստեղծված են բոլոր պայմանները ֆուտբոլային աստղեր կերտելու և հետագայում Հայաստանի ազգային հավաքականը համալրելու համար․ «Այս ամենին երբ գումարում ենք մեր իտալացի տեխնիկական տնօրենի և Իտալիայից Հայաստան ժամանած թվով 15 մարզիչների փորձը և եռանդը, իսկապես կարող ենք ասել, որ մեր ակադեմիայի սաներն ունեն ֆուտբոլային ապագա։

Ծրագիրն իսկապես մասշտաբային էր, սակայն մենք կանգ չենք առնում։ Մենք նպատակ ունենք ակադեմիաների ծրագիրն իրականացնել նաև մարզերում։ Այսօր առավոտյան Նոր Հաճըն քաղաքի Bosco Welltown թաղամասում իրականացրեցինք «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքների հիմնարկեքի արարողությունը։ Այս մարզաբազան կդառնա ավելի մեծ և Հայաստանում նախադեպը չունեցող սպորտային էկոհամակարգի մի մասը»։

Նա նշել է՝ նպատակ ունեն ակադեմիայի աշխարհագրությունն ընդլայնելու դեպի Հայաստանի հարավային մարզեր ևս։

Ծրագրի երկրորդ փուլով մարզադաշտի հարևանությամբ կկառուցվի Հայաստանում նախադեպը չունեցող սպորտային բժշկական և վերականգնողական կենտրոն՝ Medicina Dello Sport-ը, ինչպես նաև միջազգային դպրոց, որոնց շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում։

Վերոնշյալ ծրագրերը սոցիալական, առողջապահական, կրթական և սպորտային բաղադրիչներից բացի Հայաստանի համար ունեն նաև տնտեսական մեծ ազդեցություն։

«Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ շատ շուտով դուք կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին ևս։

Անելիքներ դեռ շատ ունենք, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ հայ երեխաների ֆուտբոլային աստղեր դառնալու երազանքի ուղին արդեն կառուցված է»,- նշել է Ալֆրեդ Սադոյանը:

Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ, գործում է նաև մանկապարտեզ։ Ավանի մասնաճյուղից հյուրերն ուղևորվել են Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Bosco Welltown թաղամաս, որտեղ տրվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքների մեկնարկը:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում արդեն մարզվում են հարյուրավոր երեխաներ։ Նրանց հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած 15 օտարերկրյա մարզիչներ, որոնք Հայաստան են բերել ակումբի ժամանակակից մարզչական մեթոդաբանությունը և գիտելիքահեն մոտեցումը։ Հարյուրավոր սաներ արդեն մասնակցում են Հայաստանի մանկապատանեկան առաջնություններին։ Ակադեմիայի լավագույն սաները հնարավորություն կունենան մեկնելու Թուրին՝ «Յուվենտուսի» մայր ակադեմիա, մասնակցելու «Յուվենտուսի» ակադեմիաների աշխարհի առաջնության խաղերին և իրենց կարիերան շարունակելու եվրոպական ակումբներում։