ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի գործողություններին, որը հրազենային վիրավորում է հասցրել հայ կնոջն ու վնասվածներ՝ նրա երեխաներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունը «որոշում ունի նրան հանձնել Բաքվին»:
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցությամբ վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին»,-նշել է նա:
Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը պատահական սահմանախախտման դեպք չէ, առավել ևս հաշվի առնելով, որ դրա հետևանքով քաղաքացիական անձինք և անչափահասներ հրազենային վիրավորում ու մարմնական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև ենթարկվել են հոգեբանական ներգործության։
«Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:
ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,-գրել է Աբրահամյանը:





