Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։
Մոտ 80 էջից բաղկացած փաստաթղթում ներկայացված տեղեկությունների մեծ մասի համար հիմք են ծառայել տարբեր տարիներին մամուլում տեղ գտած հրապարակումները։ Դրանցում առկա են առերևույթ հանցագործությունների, մասնավորապես՝ մանկապղծության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր։ «Ազատությունը» դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյոք նախկինում ուսումնասիրվել են զեկույցում ներառված և ենթադրյալ հանցագործությունների տարրեր պարունակող այդ հրապարակումները։
Դատախազությունն առանց պատասխանի է թողել հարցերը, թե հրապարակումների նախկին ուսումնասիրության դեպքում դրանց հիմքով քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, եթե այո՝ ո՞ր հոդվածներով, ինչպես նաև արդյոք կան ներգրավված մեղադրյալներ և ի՞նչ հոդվածներով։
Լրատվամիջոցը նաև պարզաբանում է խնդրել այն մասին, թե եթե նշված հրապարակումները նախկինում ուսումնասիրության առարկա չեն դարձել, ապա որն է դրա պատճառը։ Դատախազությունն այս հարցին նույնպես չի անդրադարձել։
Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ Վարչապետն անցած տարվանից փորձել է պաշտոնից հեռացնել Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Երկրորդին՝ նրա հասցեին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ։ Փաստաթղթում տեղ են գտել նաև պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքին վերաբերող մանրամասներ։ Դրանք հիմնականում հիմնվել են տարբեր պատճառներով կաթողիկոսից դժգոհ հոգևորականների հարցազրույցների վրա։ Չնայած Հայ Առաքելական եկեղեցին իր տնօրինության տակ գտնվող գույքի շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում զգալի տեղ է հատկացվել նաև ֆինանսական թափանցիկության հետ կապված խնդիրներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։





