AM
9 Հոկտեմբեր 2026 - 15:09 AMT

Մարտի 1-ի գործով բարձրաստիճան ոստիկանի քրգործն ուղարկվել է դատարան․ Նա հրահանգել էր «Չերյոմուխա-7» արձակել

2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ.Գ.-ի (Գրիգոր Գրիգորյան`խմբ․) նկատմամբ։ Վերջինս 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և ոստիկանության պետի տեղակալի պաշտոնները։

Քննությամբ հաստատված հանգամանքների համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Պարոնյան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման վայրին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Գ.Գ.-ն անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող հրամանատարների միջոցով, ոստիկանության զորքերի զինծառայողներին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ կիրառել հատուկ միջոցներ։ Խոսքը «ԿՍ-23» տեսակի հատուկ կարաբիններից արձակվող «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակների մասին է, որոնք նախատեսված են փակ տարածքներում օգտագործելու համար և որոնց հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել էր, երկու անձի առողջությանը պատճառվել էր ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Դատախազը հոկտեմբերի 7-ին հաստատել է Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ գործի հետագա դատական քննությունն ապահովելու նպատակով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: