AM
12 Հոկտեմբեր 2026 - 10:30 AMT

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինը կրկին վիրահատվելու է

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը՝ Անի Ավետիսյանը, ոտքը չի կարողանում շարժել, նրան դեռ ևս մեկ վիրահատություն է սպասվում: Այս մասին ասել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Անին այժմ բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

«Ոտքը երկաթով ֆիքսած է, պետք է կրկին վիրահատություն լինի, բայց դա երևի 1 ամսից: Քույրս դեռ չի տեղաշարժվում, անընդհատ ցավեր է ունենում, բժիշկները ցավազրկողներ են ներարկում: Այդ ոտքն ընդհանրապես չի կարողանում շարժել»,- նշել է Արփին:

Քույրը հայտնել է, որ Անիի կրտսեր որդու ձեռքի կոտրված մատների հատվածում երկաթներ էին դրել, բայց դրանք հանել են ու գիպս դրել:

Արփին ընդգծել է, որ քրոջ երեխաներն այժմ Երևանում են, իրենց տատիկի և պապիկի տանը, ամեն օր իրենց մորը տեսակցում են հիվանդանոցում: Արփին նաև նշել է, որ Անին հուզական ծանր վիճակում է:

Հոկտեմբերի 10-ին համացանցում բժիշկ Անդրանիկ Ղազարյանն ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի և նրա որդու հիվանդանոցային լուսանկարն է հրապարակել:

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: