Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանն արծաթե մեդալներ են նվաճել ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն, հայտնում է Radar.am-ը:
Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներակայացուցիչ Նիկա Բրոլաձեին, քառորդ եզրափակչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուսաստանցի Մագոմեդ Բարախոևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։
82 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Մարտիկ Պետրոսյանը։ Նա պայքարը սկսել է որակակավորման փուլից, որտեղ 10:2 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցչի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 3:2 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցչին:
Քառորդ եզրափակչում Պետրոսյանը ուժեղ է գտնվել Ղրղզստանը ներկայացնող ըմբիշից, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին, իսկ եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 1։2 հաշվով զիջել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիին՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը մեկնարկում տարած երեք հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1:5 հաշվով զիջել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն, հունգարացի Լևենտե Լևային: Տերտերյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Լաս Վեգասում անցկացվում է հոկտեմբերի 12-18-ը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշով։ Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Յուրի Կարապետյանը (63 կգ), Յուրիկ Հովեյանը (67 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Ռուբեն Գևորգյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։





