AM
Mirzoyan Kasis
15 Հոկտեմբեր 2026 - 13:44 AMT

ԵԱՀԿ նախագահ․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռ չլուծված հարցեր կան

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռևս չլուծված հարցեր կան, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում։ Այդ մասին Երևանում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդները։

«Գիտեք, որ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես՝ մարդասիրական հարթությունում։ Բնականաբար, այսօր այդ մասին խոսել ենք»,– ասել է Կասիսը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ձևավորված դրական դինամիկան և տեղում արձանագրված խաղաղությունը։

«Արձանագրված հաջողությունները ցույց են տալիս, որ կայուն խաղաղությունն արդեն հնարավոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար»,– ընդգծել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու դրա դրույթների իրականացմանը։ Նա նաև շեշտել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ նման ցանկություն հայտնեն։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան կարող է օգտակար լինել երկխոսության կազմակերպման և խաղաղության հաստատման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Միրզոյանի և Կասիսի առանձնազրույցը, ապա՝ ասուլիսը, որին հաջորդել է կողմերի ընդլայնված կազմով հանդիպումը։