Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից արցախահայության իրավունքների խախտումների վրա։ Արցախցիների ակցիան կրում է «Չկա կենսաբազմազանության պաշտպանություն առանց մարդու իրավունքների և արդարության» կարգախոսը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Էթնիկ զտումների և արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցը լռության է մատնվում։ Մեզ համար շատ ծանր ժամանակներ են, հարյուր հազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց հողում ապրելու հնարավորությունից: Կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, էկոլոգիական աղետի առաջ ենք կանգնած: Այդ ամենի համար մեղավոր իշխանությունը միջազգային միջոցառումներ է կազմակերպում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում եղած օրհասական վիճակը: Մենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք մեզ հուզող հարցերը: Լսե՛ք մեր ձայնը»,- հայտարարել է Արցախի հանրային խորհրդի անդամ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի համահիմնադիր Նարե Սիմոնյանը:
Սիմոնյանն ընդգծել է, որ եկել է «իշխանության դիմակը պատռելու ժամանակը, որը ձևացնում է, թե ժողովրդավարական է, բայց իրականում բանտարկում է սոցիալական ցանցերում քաղաքական անգամ 1 գրառման համար, քաղաքական հետապնդումների ենթարկում ընդդիմախոսներին»:
Արցախի Հանրային խորհրդի մեկ այլ անդամ, քաղաքագետ Ալվարդ Զաքարյանն էլ շեշտել է՝ արցախցիներն ընդամենը մի քանի տարի առաջ իրենց հողում կարողանում էին սեփական գործունեություն ծավալել, այսօր ոչնչանում է նաև Արցախի պատմամշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ կառավարությունը ձևացնում է, թե կլիմայական խնդիրներն են կարևոր:
«Եթե կլիմայական խնդիրները կարևոր են, ապա ինչու էին լռում, երբ Արցախի անտառները վառվում էին, արցախցիների գլխին ֆոսֆոր էր թափվում, ինչից ոչ միայն մարդիկ, այլև բնությունն է տուժում: Ադրբեջանը դա արել է: Այսօր պահանջում ենք, որ կառավարությունն այս հարթակն օգտագործի արցախցիների վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար»,- նշել է Զաքարյանը:
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ նշել է, որ COP17-ը նաև արցախցիների իրավունների մասին է, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ ժողովուրդը Արցախի բնակչությունն է: Նա խիստ անընդունելի է համարել նմանատիպ միջոցառման ժամանակ արցախցիների հարցերը չբարձրաձայնելու հանգամանքը:
«COP17-ը նաև Արցախի ժողովրդի իրավունքների մասին է, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ հայ ժողովուրդը Արցախի հայ ժողովուրդն է»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Բեգլարյանն ընդգծել է, որ Հայաստանում նման նշանակության միջազգային համաժողովի անցկացումը, իր գնահատմամբ, անընդունելի է այն պայմաններում, երբ Արցախի բնակչության խնդիրներն ու հիմնարար իրավունքները լիովին դուրս են մնում ուշադրությունից։
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում մեր իրավունքները, պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի, մեր մշակութային ժառանգության պաշտպանության, մեր կենսաբազամազնությունը պաշտպանելու համար, որի անբաժանելի բաղադարիչը հենց բնիկ ժողովուրդն է»,- ասել է նա:
Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանը նաև ուշադրություն է հրավիրել COP17-ի քննարկումների օրակարգի վրա։ Նա նշել է, որ համաժողովի առանցքային ուղղություններից մեկը բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների խնդիրների ներկայացումն ու նրանց իրավունքների ապահովումն է։ Բեգլարյանի խոսքով՝ արցախահայության դեպքում այդ իրավունքների պաշտպանության հիմքում առաջին հերթին սեփական բնակավայրեր վերադառնալու իրավունքն է, որն անհրաժեշտ է դիտարկել որպես հիմնարար պահանջ։
«Այնինչ, ոչ միայն մեր վերադարձի իրավունքը չի պաշտպանվում, այլև հյուրընկալող երկրի իշխանությունները մեզ ասում են՝ մոռացեք ձեր վերադարձի մասին։ Ոչ միայն մեր կենսաբազմազությունը չի պաշտպանվում, այլև Ադրբեջանը ոչնչացնում է մեր բնությունը, մեր կենսաբազմազանությունը, ոչնչացնում է մեր մշակութային լանդշաֆտը բնական լանդշաֆտի հետ համատեղ։ Իսկ մշակութային լանդշաֆտը ՄԱԿ-ի համապատասխան նորմերով անբաժանելի է բնական լանդշաֆտի հետ։
Միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, ալիևյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է հայատյացության և ցեղասպանական հանցագործությունները և մեր ժողովրդի, և մարդկանության դեմ»,- ասել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։





