AM
15 Հոկտեմբեր 2026 - 15:41 AMT

«Զվարթնոցում» ժամանակավոր առողջապահական հսկողություն կսահմանվի

ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պետական սահմանի անցման կետում ժամանակավորապես սահմանել առողջապահական վերահսկողություն։ Համապատասխան գործառույթներն իրականացնելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում նախատեսված COP17 միջազգային միջոցառումներով։ Դրանց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու կենսաբազմազանության ոլորտի առաջնորդներ և միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներ, հայտնում է Sputnik Արմենիան:

Սահմանային անցակետերում տեսչական մարմինը, մասնավորապես, կիրականացնի մարմնի ջերմաստիճանի ոչ կոնտակտային չափում։

Միջոցառման մասնակիցների ժամանումները նախատեսվում են նաև համաճարակաբանական ռիսկի տեսանկյունից ուշադրություն պահանջող պետություններից և տարածքներից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը օգոստոսի 24–ին հրապարակել է Բունդիբուգյո վիրուսային հիվանդության համաճարակի վերաբերյալ ժամանակավոր առաջարկություններ։ Նշված փաստաթղթի համաձայն՝ 2026 թ. օգոստոսի 14–ի դրությամբ Կոնգոյում համայնքային փոխանցման ռիսկը գնահատվել է «շատ բարձր»։

Այդ իսկ պատճառով ԱՀԿ–ն բոլոր մյուս պետություններին առաջարկվում է ապահովել համայնքային փոխանցում ունեցող տարածքներից ժամանող՝ անհայտ ծագման տենդային հիվանդությամբ ուղևորների հայտնաբերման, գնահատման, հաղորդման և վարման մեխանիզմներ, պետական սահմանի անցման կետերում նման տարածքներից ժամանող անձանց տրամադրել տեղեկություն՝ ժամանումից հետո 21 օրվա ընթացքում BVD-ին համապատասխան ախտանշաններ ի հայտ գալու դեպքում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: