AM
15 Հոկտեմբեր 2026 - 16:40 AMT

Գուտերեշ․ ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ

ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ անդրադառնալով COP17 համաժողովի կազմակերպմանը:

Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում կազմակերպվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Վարչապետը ողջունել է Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նա երկրորդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, որ այցելում է մեր երկիր։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերջին 8 տարիներին համատեղ աշխատանքը և նշել, որ այդ ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել տարածաշրջանում և աշխարհում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի դերի մասին թեման բոլոր տեսակի քննարկումների կենտրոնում է եղել, միջազգային ասպարեզում անընդհատ քննարկվել է բազմակողմանիության կարևորությունը։

«Թվում է, թե շատ միջազգային խաղացողներ շատ են ցանկանում տեսնել այդ բազմակողմանիությունը՝ լավ հասկանալով ՄԱԿ-ի դերը։ Բայց ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք միակողմանիություն, և աշխարհում իրավիճակը գնալով բարդանում է։ Բայց բարեբախտաբար, մեր տարածաշրջանում, շատ դժվար իրադարձությունների միջով անցնելուց հետո, մենք ի վիճակի ենք եղել փոխել իրավիճակը, և հիմա մեր գլխավոր նպատակն է հասնել վերջնական կետին։

Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը։ Այն մեր հիմնական նպատակն է, և մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, որովհետև դա իրականացնելը հեշտ չէ, բայց մյուս կողմից մենք պետք է լինենք հնարավորինս կենտրոնացած այդ նպատակի վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով COP-17-ին՝ վարչապետը նշել է, որ այն ամենամեծ միջոցառումն է, որ երբևէ կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով։

Իր հերթին Անտոնիու Գուտերեշը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և COP 17 համաժողովի լավագույնս կազմակերպման համար։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին, որովհետև այս համաժողովը չափազանց լավ է կազմակերպվել։ Իմ գործընկերները պատմում են, որ բանակցություններում համատեղ հայտարարության կամ համաձայնության հասնելը միշտ դժվար է։ Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում»,– ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

Միաժամանակ, Անտոնիու Գուտերեշը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական ներդրումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել COP 17 համաժողովի անցկացման, տեղի ունենալիք քննարկումների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման ընթացքին։ Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ նախագծի կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և փոխգործակցության խթանման գործում։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: