Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի ջրի որակի ուսումնասիրության նպատակով փորձանմուշներ են ուղարկվել նաև արտասահմանյան լաբորատորիաներ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով իրականացվող ստուգումների ընթացքը, հայտնում է Panorama.am-ը:
«Երբ ունեցել ենք առաջին շեղման փորձաքննության արդյունքներ, ըստ հաջորդ ընթացակարգերի, պետք է իրականացնենք կրկնակի փորձաքննություն, նաև այլ երկրներ ենք ուղարկել փորձանմուշներ, որպեսզի վստահ լինենք, որ բոլոր լաբորատորիաների տված արդյունքները համադրելի են»,-ասել է նա:
Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի փորձաքննության ամփոփման շրջանում են, առաջիկայում հանդես կգան հարցերի սպառիչ պատասխաններով, բայց որևէ շեղման դեպքում պետք է արվեն հաջորդիվ քայլեր՝ դրանք հաստատելու, բացառելու։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ծավի բնակիչները կարող են շարունակել օգտագործել ջուրը մինչև բոլոր փորձաքննությունների ավարտը՝ առողջապահության նախարարը շեշտել է զգուշավորության անհրաժեշտությունը մինչև ամբողջությամբ ավարտվեն նախատեսված ստուգումները և հստակեցվեն դրանց արդյունքները։





