AM
15 Հոկտեմբեր 2026 - 17:09 AMT

Փաշինյան՝ COP17-ի մասին․ Մեծ թվով հյուրերի ներհոսքը հնարավորություն է մասնավորի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում մեկնարկող COP17 համաժողովին և նշել, որ մասշտաբային այս միջոցառման անցկացման համար մեծ աշխատանք է իրականացվել։

«Մեծ թվով հյուրեր են գալու Հայաստանի Հանրապետություն և ուզում եմ ընդգծել, որ մեծ թվով հյուրերի ներհոսքը նոր և մեծ հնարավորություն է մասնավոր հատվածի համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ այդ ամենն արվել է նաև մասնավորի համար գումար վաստակելու հնարավորություն ստեղծելու նպատակով։

Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է նաև 2026 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճին։

«Վերջին տվյալներով՝ սեպտեմբերին նույնպես բոլոր ժամանակների սեպտեմբերի համար ունեցել ենք զբոսաշրջության ռեկորդային ծավալ, կարծում եմ՝ 2026 թ. հոկտեմբերն էլ լինելու է այդպիսի ռեկորդային։ Եվ մեծ հավանականությամբ, ընդհանրապես, 2026 թ. զբոսաշրջության առումով լինելու է ռեկորդային։

Կարծում եմ նաև, որ մեր վիճակագրությունը և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ COP համաժողովները, բացի այդ ընթացքում մարդկանց ներհոսք ապահովելով, հետագայում շատ էականորեն մեծացնում են տվյալ երկրներ ուղղվող զբոսաշրջային հոսքերը»,– ասել է երկրի ղեկավարը՝ հաջողություն մաղթելով COP17 համաժողովը պատշաճ մակարդակով ընդունելու, իրականացնելու համար։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: