Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել քննարկումներ՝ էներգետիկ համակարգերը միացնելու և անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունների շուրջ: Այդ մասին COP17-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը նշել է, որ հոկտեմբերի 8-ին Գորիսում կազմակերպված հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտների պատասխանատուների միջև արդեն երկրորդ նմանատիպ քննարկումն է եղել։ Նա չի բացառել, որ ՀՀ-ն կարող է Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել, հայտնում է Factor.am-ը:
«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները։ Փոքր ներդրումների արդյունքում դրանք արդեն պատրաստ են, և կարող ենք անցնել ավելի գործնական փուլի։ Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով կապվել հարևան երկրների էներգահամակարգերին, ինչպես անում ենք Իրանի և Վրաստանի հետ»,-պարզաբանել է Խուդաթյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ապագայում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու անհրաժեշտության հեռանկարը պայմանավորել է երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի աճով, որը կապված է արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների և արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հետ։
Խուդաթյանն անդրադարձել է նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրին՝ ներկայացնելով հնարավոր տեխնոլոգիական լուծումների ընտրության ընթացքը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում ուշադրության կենտրոնում հիմնականում 400-450 մեգավատ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման տարբերակն է եղել, ապա ներկայում ուսումնասիրվում են նաև այլ հզորություններ ունեցող ատոմակայանների վերաբերյալ ներկայացված առաջարկները։
«2027 թվականի սկզբին մոդելի ընտրության հարցում վերջնական որոշում կունենանք, կհայտարարենք այդ մասին և կանցնենք գործնական փուլին՝ նախագծմանն ու շինարարությանը: Մինչ այդ, Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է ևս 10 տարով, և այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ համակարգին նոր ատոմակայան չի միացվել»,-ընդգծել է ՏԿԵ նախարարը։





