ՀՀ ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկա կլինի Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում ժամը 14։00-ին դատական նիստին։ Այդ մասին տեղեկացրել է Խաչատրյանի փաստաբանական թիմը՝
Նրանք նշել են, որ նախորդ նիստերում նա հարկադրաբար դատարան էր բերվում պատգարակի վրա շտապ օգնության բժշիկների ուղեկցությամբ։
«Դատական նիստերի ընթացքում Գագիկ Խաչատրյանը գտնվում էր ուժեղ ցավերի և հոգեկան տառապանքների մեջ և նախորդ դատական նիստերի ընթացքում, հանրային մեղադրողի և դատարանի դիրքորոշումների հետևանքով, պաշտպանական կողմը ստիպված է եղել միջնորդել նիստերն առանց նրա մասնակցության անցկացնելու վերաբերյալ։ Պաշտպանների պնդումները, որ առողջական վիճակի, մշտական ու ուժեղ ցավերի և դատարանում պատգարակին մեջքի վրա պառկած գտնվելու պայմաններում նրա մասնակցությունը ձևական է և թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել պաշտպանության իրավունքը, մնացել են անպատասխան։ Պաշտպանական կողմը նման վերաբերմունքը որակել է որպես արժանապատվությունը նվաստացնող և խտրական։
Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել է, որ նա ցանկանում է մասնակցել դատաքննությանը, սակայն այդ մասնակցությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական։ Պաշտպանության կողմը նաև ընդգծել է, որ պետական մարմինները մի կողմից չեն ապահովում անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչի հետևանքով նա շարունակում է տառապել ցավերից, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում են դատաքննությանը մասնակցելու և արդյունավետ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելու անհրաժեշտության առաջ։ Սա հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման։
Այսօր ժամը 14։00-ին Հայաստանի հակակառուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստում Գագիկ Խաչատրյանի ցանկությամբ նա կտեղափոխվի դատական նիստերի դահլիճ»,-ասվում է հայտարարության մեջ:





