Հոկտեմբերի 14-ին Ստամբուլում երկարատև դադարից հետո կազմակերպվել է ՀՀ անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառում: Թուրքական կողմը ներկայացրել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին։
Նման միջոցառմանն այսքան բարձր մակարդակով Թուրքիայի ներկայացուցչի մասնակցությունն աննախադեպ է եղել, գրում է Radar.am-ը:
Հայաստանի կողմից ներկա է գտնվել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը։
Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի և Թուրքիայի պետական օրհներգերը։
Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջին իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումները և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
«Մենք երկկողմանիորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը՝ առավելագույն անկեղծությամբ և վճռականությամբ, լիակատար կարգավորման հասնելու վերջնական նպատակով։ Այս համատեքստում մենք շատ ուրախ ենք տեսնել, որ մեր երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների վերջին աճը զգալիորեն նպաստել է մեր երկկողմ երկխոսության ամրապնդմանը և փոխըմբռնման առաջխաղացմանը։
Մենք նաև բազմաթիվ կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և ուղիղ առևտրի վերականգնման ոլորտներում։ Այս բոլոր քայլերը մեզ համոզիչ հիմքեր են տալիս մեծ հույսով և լավատեսությամբ նայել մեր տարածաշրջանի ապագային։ Թուրքիան միշտ աջակցել է խաղաղությանը, կայունությանը և Հարավային Կովկասում կարգավորման դինամիկային։
Այսօր երեկոյան կցանկանայի ընդգծել, որ մենք կշարունակենք մեր անկեղծ և անսասան աջակցությունը տրամադրել այս գործընթացներին առաջիկա ժամանակահատվածում»,- ըստ Ստամբուլում հրապարակվող «Ակոս» հայկական շաբաթաթերի հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։
Ընդունելության ընթացքում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկ կապերի և առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը՝ դրանք դիտարկելով որպես հայ-թուրքական հարաբերությունների հետագա առաջընթացի կարևոր ուղղություններ։





