ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողների սպանության համար մահապատժի դատապարտված նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիք Հասանի գնդակահարությունը ուղիղ եթերով չի հեռարձակվի։
Խոսքը 1945 թվականից ի վեր ամերիկյան բանակում գնդակահարության միջոցով իրականացվելիք առաջին մահապատժի մասին է։ Ավելի վաղ Պենտագոնը նախատեսում էր մահապատիժը հասանելի դարձնել հանրային դիտման համար, սակայն ԱՄՆ նախագահը վերանայել է այդ մոտեցումը, հայտնում է BBC-ն:
2009 թվականին Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում Հասանը հրազենային հարձակում է իրականացրել անզեն ամերիկացի զինծառայողների վրա։ Կրակոցների հետևանքով զոհվել է 13 զինվորական, ևս 32 մարդ վիրավորվել է։ Հետագայում ԱՄՆ ռազմական դատարանը նրան դատապարտել է մահապատժի։
Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ «մահապատժի հեռարձակումը, որը կարող էր դիտել ամբողջ աշխարհը, հզոր զսպող գործոն կդառնար և ցույց կտար, թե ինչպես է Ամերիկան հաշվեհարդար տեսնում ահաբեկիչների և Հասանի նման սրիկաների հետ»։
Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ «շատ լավ մարդիկ, որոնք առաջնորդվում են բարի մտադրություններով, կնախընտրեին չհետևել նրա մահվանը»։
«Նա մահապատժի կենթարկվի, ինչպես և նախատեսված է, գնդակահարության միջոցով, սակայն այդ իրադարձությունը չի հեռարձակվի։ Միևնույն ժամանակ զոհերի մերձավոր հարազատները, ցանկության դեպքում, կկարողանան անձամբ ներկա գտնվել մահապատժին»,– հայտարարել է Թրամփը։
«Նրանք արժանի են տեսնելու, թե ինչպես է հաղթանակում Արդարությունը»,– ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նիդալ Մալիք Հասանը, որը հանցագործության կատարման պահին 39-ամյա մայոր է եղել, 2013 թվականի օգոստոսին մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր կետերով։
Նա երբևէ չի հերքել Ֆորտ Հուդ ռազմաբազայում հրաձգություն կազմակերպելու փաստը։ Հասանը հայտարարել է, որ իսլամի հետևորդ է և զինվորականների վրա հարձակվել է՝ փորձելով կանխել նրանց ուղարկումն Աֆղանստան՝ թալիբների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով։ Իր գործողությունները նա բացատրել է հավատակիցներին պաշտպանելու ցանկությամբ։
Այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել Հասանի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն առաջարկել է պատիժն իրականացնել գնդակահարության միջոցով, և նախագահը հավանություն է տվել այդ տարբերակին։
Որոշ ժամանակ անց լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ իշխանությունները դիտարկում են մահապատիժը հրապարակային դարձնելու հնարավորությունը։ Մասնավորապես, նախատեսվել է հրապարակել հատուկ հղում, որի միջոցով ցանկացողները կկարողանային առցանց հետևել գնդակահարությանը։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է այդ մտադրությունը՝ նշելով, որ իշխանությունները ցանկանում են ապահովել մահապատժի տեսանելիությունը հանրության համար։
«Մենք կհոգանք, որպեսզի մարդիկ կարողանան դա տեսնել, որպեսզի այն հասանելի լինի հանրությանը։ Որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողությունները լուրջ հետևանքներ են ունենում»,– հայտարարել է Հեգսեթը։
Սակայն մահապատիժն ուղիղ հեռարձակելու նախաձեռնությունը բուռն հակազդեցություն է առաջացրել մի շարք հայտնի քաղաքական գործիչների և հասարակական ակտիվիստների շրջանում։ Նրանք պնդել են, որ նման քայլով Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհին բարոյական առումով վտանգավոր օրինակ կցուցադրի և կվերադառնա այնպիսի գործելակերպի, որն արդի հասարակությունում անընդունելի է համարվում։
Հրապարակային մահապատիժ կազմակերպելու առաջարկը միանշանակ աջակցություն չի ստացել նաև Թրամփի վարչակազմի ներսում։ Մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ անձամբ չէր ցանկանա դիտել նման հեռարձակում։
Միացյալ Նահանգներում 20-րդ դարի առավել հայտնի հրապարակային մահապատիժներից մեկը տեղի է ունեցել 1936 թվականին՝ Կենտուկի նահանգի Օուենսբորո քաղաքում։ Այդ ժամանակ մոտ 20 հազար հանդիսատեսի ներկայությամբ կախաղան է բարձրացվել Ռեյնի Բեթեային, որը մահապատժի էր դատապարտվել 70-ամյա կնոջ բռնաբարության և սպանության համար։
Դրանից մեկ տարի անց՝ 1937 թվականին, Միսուրի նահանգում ևս մեկ մահապատժի դատապարտված անձ հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել։ Այդ դեպքը դարձել է ԱՄՆ պատմության մեջ լայն հասարակության ներկայությամբ իրականացված վերջին մահապատիժը։





