AM
16 Հոկտեմբեր 2026 - 14:03 AMT

Հեղեղումներ՝ Ստամբուլում․ 2 մարդ մահացել է, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են

Ստամբուլում վերջին 84 տարվա ամենահորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են, իսկ քաղաքի մի շարք հատվածներում տրանսպորտային երթևեկությունը խաթարվել է։

Զոհերից մեկը 14-ամյա դեռահաս է, որը մահացու էլեկտրահարում է ստացել ջրափոսի մեջ ոտք դնելու հետևանքով։ Մյուս զոհը 34-ամյա տղամարդ է, որը ճանապարհն անցնելու փորձի ժամանակ սայթաքել է, ընկել և գլուխը հարվածել մայթին։ Ստացած վնասվածքը մահացու է եղել, հայտնում է BBC-ն:

Ստամբուլի փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ փրկարարական ծառայությունները ջրհեղեղի պատճառով արգելափակված տարածքներից տարհանել են մոտ 600 մարդու։ Քաղաքի առանձին թաղամասերում ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ ավտոմեքենաներն ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը բնակիչներին հորդորել է առանց խիստ անհրաժեշտության չլքել իրենց տները։ Նահանգապետարանի համապատասխան մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու էլեկտրահարման հետևանքով 14-ամյա պատանու մահվան բոլոր հանգամանքները։

Թուրքիայի ներքին գործերի նախարարի ներկայացրած տվյալներով՝ Ստամբուլի որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է տարեկան միջին ցուցանիշի մոտ մեկ յոթերորդին։ Քանի որ օդերևութաբանները կանխատեսել են անձրևների շարունակություն, իշխանությունները որոշել են դադարեցնել դպրոցների աշխատանքը։

Փոխքաղաքապետ Նուրի Ասլանը տեղեկացրել է, որ ջրհեղեղի պատճառով շրջափակման մեջ հայտնված 595 բնակիչ տեղափոխվել է անվտանգ վայրեր։ Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են արտակարգ իրավիճակների և կոմունալ ծառայությունների ավելի քան ութ հազար աշխատակիցներ։

Ասլանը X սոցիալական հարթակում բնակչությանը զգուշության կոչ է ուղղել։

«Ես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին զգոնություն պահպանել սպասվող հորդառատ անձրևների և փոթորկի կապակցությամբ, հատկապես գիշերային ժամերին»,– գրել է նա։

Փոխքաղաքապետը նաև խորհուրդ է տվել անձնական ավտոմեքենաների փոխարեն նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին՝ հնարավոր խցանումներից և հեղեղված ճանապարհներից խուսափելու համար։ Ստամբուլի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը երկարաձգվել են մինչև գիշերվա ժամը 02։00-ն։

Անբարենպաստ եղանակային պայմանները լուրջ խափանումներ են առաջացրել նաև օդային հաղորդակցության ոլորտում։ BBC-ի թուրքական ծառայության տվյալներով՝ 46 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայաններում։

Քաղաքի Սարիյեր շրջանում ջրով է լցվել առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղին, որտեղ մի քանի ավտոմեքենաներ հայտնվել են ջրի տակ։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Ստամբուլի այլ հատվածներում արձանագրվել են ճանապարհների առանձին հատվածների փլուզումներ, իսկ գետերից մեկը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով հարակից տարածքները։

Ստամբուլի քաղաքային ագլոմերացիայում բնակվում է ավելի քան 16 միլիոն մարդ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ հանկարծակի ջրհեղեղների վտանգ է առկա նաև երկրի այլ նահանգներում։