ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Երևանում անցկացվող «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում հայտարարել է, որ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների իրագործման գնահատման հարցում Հայաստանն ու Երևանը կարևոր պատասխանատվություն են ստանձնում։
«Մինչև 2030-ը Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն։ Երևանը պաշտոնապես որոշում է՝ արդյո՞ք բավարար ենք անում ամբողջ աշխարհում, թե՝ ոչ»,- հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջազգային նշանակության բնապահպանական միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար։
Իր ելույթում Գուտերեշը մտահոգություն է հայտնել մոլորակի էկոհամակարգերին սպառնացող վտանգների վերաբերյալ։ Նրա ներկայացմամբ՝ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած անկայունությունը, թունաքիմիկատների անվերահսկելի կիրառումը, շրջակա միջավայրի աղտոտումը և ինվազիվ տեսակների տարածումը լուրջ վնաս են հասցնում բնական միջավայրին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայում ավելի քան մեկ միլիոն բուսական և կենդանական տեսակներ հայտնվել են անհետացման վտանգի առաջ, ինչը վկայում է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին։
Գուտերեշն անդրադարձել է նաև «Կունմին-Մոնրեալ» գլոբալ կենսաբազմազանության շրջանակի ընդունումից հետո արձանագրված արդյունքներին։
Նրա փոխանցմամբ՝ պետությունների մոտ 90 տոկոսն արդեն սահմանել է կենսաբազմազանության պահպանության ազգային նպատակներ։ Բացի այդ, 2022 թվականից ի վեր պահպանության տակ գտնվող տարածքներն ընդլայնվել են ևս 1․3 միլիոն քառակուսի կիլոմետր ցամաքային և 6 միլիոն քառակուսի կիլոմետր ջրային տարածքներով։
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ միջազգային մակարդակով արձանագրվող առաջընթացը շարունակում է մնալ անհավասարաչափ և անբավարար՝ սահմանված նպատակներին հասնելու համար։
«Ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը կպաշտպանվի ցամաքի 23%-ը և ջրային տարածքների 12%-ը, ինչը զգալիորեն զիջում է Մոնրեալում ստանձնած «30×30» թիրախին»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը դրական է գնահատել նաև գագաթնաժողովի ընթացքում ընդունված Երևանյան հռչակագիրը՝ այն ներկայացնելով որպես կենսաբազմազանության պահպանության միջազգային ջանքերի առաջմղման կարևոր հարթակ։
Նա ընդգծել է, որ բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական հանձնառություն, այլև ֆինանսական միջոցների արդյունավետ բաշխում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առանձնահատուկ մտահոգություն է հայտնել այն հանգամանքի կապակցությամբ, որ համաշխարհային ֆինանսական հոսքերի զգալի մասն ուղղվում է բնության պահպանությանը հակասող գործունեության ֆինանսավորմանը։
«Ցանկացած դոլարի դիմաց, որն ուղղվում է բնության պահպանությանը, 30 դոլար ծախսվում է դրա քայքայման վրա։ 2023 թվականին 7.3 տրիլիոն ԱՄՆ դոլար է ուղղվել բնության տեսանկյունից բացասական գործողություններին։ Հանածո վառելիքի սուբսիդավորումն ինքնասպանություն է»,- շեշտեց Գուտերեշը։
Անդրադառնալով ֆինանսավորման անհրաժեշտ ծավալներին՝ նա միջազգային հանրությանը հորդորել է մինչև 2030 թվականը բնահեն լուծումներում իրականացվող տարեկան ներդրումները հասցնել 530 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Գուտերեշը նաև կարևորել է միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխումը՝ բնապահպանական ծրագրերի համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունն ու դրանց նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով։
Ելույթի ավարտին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հուզվել է՝ անդրադառնալով իր պաշտոնավարման ավարտին և այդ ընթացքում իր համար առաջնահերթություն հանդիսացած բնապահպանական խնդիրներին։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր լիազորությունների ավարտին մնացել է 76 օր։
«76 օր է մնացել իմ պաշտոնավարմանը որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ Իմ մեծագույն առաջնահերթություններից մեկն էր պայքարել եռակի մոլորակային ճգնաժամի դեմ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ և աղտոտում։ Մենք պետք է գործենք հրատապորեն՝ ապահովելու մեր երեխաների և մոլորակի ապագան»,- եզրափակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։





