AM
16 Հոկտեմբեր 2026 - 14:56 AMT

ՀԱԷԿ-ի տնօրեն․ ՀՀ–ն նախատեսում է էներգետիկ գործակցություն զարգացնել նաև Ադրբեջանի հետ

Հայաստանը նախատեսում է ընդլայնել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը՝ Իրանի և Վրաստանի հետ գործող կապերին ապագայում ավելացնելով նաև Ադրբեջանի հետ հնարավոր գործակցությունը։ Այդ մասին «Ռուսական էներգետիկ շաբաթ» իններորդ միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հանրապետությունը ներգրավված է էներգետիկ ոլորտի տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Մարտիրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանում Իրա՝ փոխանակման պայմանավորվածությամբ դրա դիմաց ստանալով բնական գազ։ Միաժամանակ էլեկտրաէներգիայի մատակարարումներ են իրականացվում նաև Վրաստան, հայտնում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով էներգետիկ ենթակառուցվածքների ռազմավարական նշանակությանը՝ Հայկական ԱԷԿ-ի ղեկավարը կարևորել է ատոմակայանի անվտանգ աշխատանքի ապահովումը՝ այն կապելով երկրի էներգետիկ անկախության, հասարակության անվտանգության և երկարաժամկետ զարգացման հետ։

«Իհարկե, այս ամենը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության համար։ Հետևաբար, մեզ համար ատոմակայանի անվտանգությունը միայն տեխնիկական պահանջների պահպանման հարց չէ։ Դա երկարաժամկետ պատասխանատվություն է պետության, հասարակության և ապագա սերունդների առջև»,– ասաց նա։

Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30–40 տոկոսն ապահովում է Հայկական ատոմային էլեկտրակայանը, ինչն ընդգծում է այդ կառույցի առանցքային դերը հանրապետության էներգահամակարգում։

Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին ատոմակայանում իրականացվել են լայնածավալ վերակառուցման և տեխնիկական արդիականացման միջոցառումներ։ Աշխատանքների ընթացքում նորացվել են հիմնական տեխնոլոգիական սարքավորումները, կառավարման համակարգերը, էլեկտրամատակարարման հանգույցները և ինժեներական ենթակառուցվածքները։

ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը մանրամասնել է նաև կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող պետական ծրագիրը՝ ներկայացնելով դրա ֆինանսական, տեխնիկական և իրավական հիմքերը։

«Մենք երկարաձգել ենք ատոմակայանի շահագործման ժամկետը և նախատեսում ենք առաջիկա մի քանի տարիներին շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության երեք առանցքային որոշումների հիման վրա, որոնք սահմանում են գործընթացի իրավական կարգավորումները, հիմնական տեխնիկական միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացրել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար»,– մանրամասնել է Մարտիրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ընթացիկ տարում միջազգային գործընկերների, այդ թվում՝ «Ռոսատոմի» մասնակցությամբ հաջողությամբ ավարտվել է ատոմակայանի արդիականացման աշխատանքների ևս մեկ փուլ։

Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկա տարիներին նախատեսվում է շարունակել կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները՝ ապահովելով դրա կայուն ու անվտանգ աշխատանքը։

Հայկական ԱԷԿ-ի ղեկավարը խոսել է նաև միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցության արդյունքների մասին։

Նա հիշեցրել է, որ 2025 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի մասնագիտական առաքելությունը գնահատել է ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման անվտանգության հետ կապված հարցերը։

Այդ ուսումնասիրության արդյունքում ներկայացվել է անվտանգության սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություն, որը ներառել է նաև կայանի սեյսմիկ անվտանգության գնահատումը։

Մարտիրոսյանն առանձնացրել է Ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի գործունեությունը՝ կարևորելով մասնագիտական փորձի փոխանակումն ու անվտանգության միասնական չափանիշների կիրառումը։

«Այս համատեքստում կցանկանայի ընդգծել նաև Ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի՝ WANO-ի Մոսկվայի կենտրոնի ակտիվ դերը, որի նախագահը ես եմ։ Ի դեպ, այդ կենտրոնում ընդգրկված են Խորհրդային Միության տարիներին և հետխորհրդային շրջանում կառուցված բոլոր ատոմակայանները»,– մանրամասնեց Հայկական ԱԷԿ-ի տնօրենը։

Եզրափակելով՝ Էդուարդ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ և հուսալի շահագործումը, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական գիտելիքների ու կարողությունների շարունակական զարգացումը պահպանվելու են որպես գործունեության հիմնական առաջնահերթություններ։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարությունը որոշել է կառուցել փոքր տիպի մոդուլային ատոմակայան, սակայն հոկտեմբերի սկզբին լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ նախատեսված փոքր մոդուլային կայանը կարող է չբավարարել երկրի պահանջներին: Նա չի բացառել ավելի մեծ՝ 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցման հնարավորությունը՝ այդպիսի առաջարկ է արել «Ռոսատոմը»: