Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումները շարունակական բնույթ են կրում և ուղեկցվում անմարդկային վերաբերմունքով, հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։
«Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովի ընթացքում Սահակյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների խախտումներին և դրանց վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման ու գնահատման մեթոդներին, հայտնում է Panorama.am-ը:
«Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը»,- ասել է նա:
Սահակյանի խոսքով՝ երբեմն հարցեր են առաջանում, թե տեղեկատվության սահմանափակ հասանելիության պայմաններում ինչ հիմքերով կարելի է եզրակացություններ անել գերիների նկատմամբ խոշտանգումների առկայության վերաբերյալ։ Ի պատասխան այդ հարցադրումների՝ նա ներկայացրել է ապացույցների ուսումնասիրության և համադրման այն մեթոդաբանությունը:
«Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և, այո, համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով։ Առաջին՝ հայրենադարձված գերիների առնչությամբ մենք շարունակում ենք խոշտանգումների վերաբերյալ գործերը։ Ստացված վկայությունների, բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք ռետրոսպեկտիվ հայացք նետել նաև Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և օբյեկտիվ տեղեկատվություններով հաստատել խոշտանգումների փաստը»,-ասել է նա:
Սահակյանը շեշտել է, որ հայրենադարձված գերիների հետ կապված գործերի ուսումնասիրությունը շարունակվում է։ Նրանց տրամադրած ցուցմունքները և բժշկական փաստաթղթերը հնարավորություն են տալիս հետադարձորեն գնահատել Ադրբեջանում գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը։
Իրավապաշտպանը տեղեկացրել է նաև, որ Բաքվում պահվող գերիների համար արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու միջոցը հեռախոսազանգերն են։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





