AM
16 Հոկտեմբեր 2026 - 18:01 AMT

Փաշինյանն ու Ռիբերան անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերայի հետ, քննարկել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան դրական է գնահատել Երևանում կազմակերպված Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը՝ ընդգծելով միջազգային միջոցառման օրակարգում ներառված թեմաների և քննարկվող հարցերի կարևորությունը։

Փաշինյանն ու Ռիբերան մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքի և համագործակցության նոր հնարավորությունների շուրջ։ Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի ազատականացման նպատակով իրականացվող աշխատանքներին՝ քննարկելով այդ ուղղությամբ արձանագրված ընթացքը։

Հանդիպման օրակարգում ընդգրկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը: