AM
17 Հոկտեմբեր 2026 - 10:20 AMT

Նախարար․ Պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքը կգործի 2027-ից, հետաձգում չի լինի

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պլաստիկ տոպրակների և սպասքի արգելքը, օրենքի կիրառման ժամկետը չի երկարաձգվի։ Այդ մասին Երևանում անցկացվող COP17-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունն արգելելու հարցը երկար տարիներ քննարկման առարկա է եղել։ Սկզբնական փուլում իշխանություններն ընտրել են անցումային տարբերակ՝ թույլատրելով առնվազն 50 միկրոն հաստությամբ պլաստիկ տոպրակների օգտագործումը։ Սակայն այդ մոտեցման կիրառման արդյունքները ցույց են տվել, որ սահմանափակումը բավարար արդյունավետություն չի ապահովել։ Հետևաբար որոշում է կայացվել անցնել ավելի խիստ կարգավորման՝ ամբողջությամբ արգելելով պլաստիկ տոպրակների և սպասքի շրջանառությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք էկոնոմիկայի նախարարության հետ միասին մասնավոր ընկերությունների համար բազմիցս իրազեկման ակցիաներ ենք անցկացրել, տեղեկացրել ենք պլաստիկի հնարավոր այլընտրանքների մասին»,-հայտարարել է նախարարը:

Մաթևոսյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ մասնավոր հատվածը կատարել է աշխատանքի իր մասը և պատրաստ է նոր կանոններին:

Ընդունված օրենքի համաձայն կարգելվի խանութներում պլաստիկ տոպրակների ու սպասքի վաճառքը և հանրային սննդի կետերում դրանց տրամադրումը: Բացառություն կարվի միայն փաթեթավորված ապրանքների (շաքարավազ, ալյուր և այլն), աղբի տոպրակների, ինչպես նաև կափարիչով պլաստիկ շշերի համար: Առաջին անգամ խախտելու դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնվելու պարագայում կսահմանվի տուգանք՝ 100-ից մինչև 150 հազար դրամի չափով։