Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ երկամարտում գրանցելով 323 կգ արդյունք, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ալբանիայում անցկացվող առաջնության հերթական մրցումային օրը 75 կգ քաշային կարգում հանդես եկող վեդեցի Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում արժանացել է ոսկե մեդալի՝ հաջողությամբ բարձրացնելով 145 և 148 կգ ծանրաձողերը։
Հրում վարժությունում հայ ծանրորդին հաջողվել է գլխավերևում պահել 175 կգ ծանրաձողը, ինչի շնորհիվ նա այս մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ։
Երկամարտի հանրագումարում գրանցելով 323 կգ արդյունք՝ Տիգրան Կարապետյանն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հռչակվել ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն։





