Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացված «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի իագումար նիստի եզրափակիչ հատվածում մասնակիցները հաստատել են «Երևանի հռչակագիրը՝ «Հանուն բնության գործողություններ» (Yerevan Declaration – Taking Action for Nature) փաստաթուղթը։
Հռչակագիրն ընդունվել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախաշեմին։ Դրանով միջազգային առաջնորդները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչև 2030 թվականը կասեցնելու կենսաբազմազանության շարունակական կորուստը և փոխելու այդ բացասական միտման ուղղությունը։ Միաժամանակ սահմանվել է ավելի երկարաժամկետ նպատակ՝ մինչև 2050 թվականը հասնել այնպիսի համաշխարհային տեսլականի իրականացմանը, որի հիմքում մարդու և բնության ներդաշնակ համակեցությունն է։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել և ընթերցել է ընդունված փաստաթուղթը՝ առանձնացնելով դրա հիմնական գաղափարը։ Նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության համար առաջնահերթություն պետք է դառնա քաղաքական մակարդակում ստանձնած պարտավորություններից անցումը հստակ, չափելի քայլերի իրականացմանը, որոնք կապահովեն տեսանելի և գործնական արդյունքներ։
Հռչակագրում հատուկ ուշադրություն է դարձվել կենսաբազմազանության պահպանության համար հատկացվող ֆինանսական ռեսուրսների ընդլայնմանը։ Կարևորվել են նաև բնական էկոհամակարգերի պաշտպանության և վերականգնման աշխատանքների ակտիվացումը, գիտական ձեռքբերումների ու նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային գործընկերության խորացումը։
Փաստաթղթում առանձնահատուկ նշանակություն է տրվել բնության պահպանության գործընթացներին հասարակության տարբեր խմբերի մասնակցության ապահովմանը։ Մասնավորապես ընդգծվել է երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների և հասարակության մյուս բոլոր հատվածների լիարժեք ու գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը։
Ընդունված հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ընթացքին։ Առանձնացվել է դրա առաջընթացի առաջին համաշխարհային գնահատման կարևորությունը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա բացթողումները, ամրապնդելու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվությունը և արագացնելու մինչև 2030 թվականը նախատեսված 23 թիրախների իրականացումը։
Երևանում ընդունված փաստաթուղթը միջազգային հանրությանն ուղղված քաղաքական ուղերձ է, որն ընդգծում է, որ բնության պաշտպանության ուղղությամբ հետագա ձգձգումներն անընդունելի են։ Համատեղ ստանձնած հանձնառությունները պետք է արտահայտվեն ոչ միայն հայտարարություններով, այլև իրական և արդյունքահեն գործողություններով։
Երևանյան գագաթնաժողովի ընթացքում ձևակերպված այս մոտեցումները կարևոր քաղաքական հիմք են ստեղծել հոկտեմբերի 19-ին մեկնարկող COP17 համաժողովի համար։ Հռչակագրով համաշխարհային առաջնորդները վերահաստատել են միասնական ջանքերով կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգն առաջ մղելու և դրա գործնական իրականացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց ապահովելու վճռականությունը։





