Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 3․5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային ավտոդողերի առկայության դեպքում։ Սահմանված պահանջը չպահպանելու համար նախատեսվում է 5000 դրամի չափով վարչական տուգանք։
Միաժամանակ օրենսդրությամբ հնարավորություն է ընձեռվում խուսափելու նշանակված տուգանքի վճարումից, եթե հայտնաբերված խախտումը վերացվել է 24 ժամվա ընթացքում, և այդ մասին հավաստող ապացույցը նույն ժամանակահատվածում փոխանցվել է իրավասու մարմնին, գրում է Iravaban.net-ը:
Օրենսդրությամբ առավել խիստ պատասխանատվություն է նախատեսվել այն դեպքերի համար, երբ թույլ տրված խախտման հետևանքով ստեղծվել է վթարային իրավիճակ։
Նման հանգամանքներում կարող է կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի առաջին մասը։ Դրանով ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի օրենսդրական պահանջների խախտման հետևանքով վթարային իրադրություն ստեղծելու համար սահմանվել է 20, 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։
Եթե ճանապարհային երթևեկության կանոնների կամ օրենքով նախատեսված այլ պահանջների խախտման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում որևէ անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվել է 29,000 դրամի չափով տուգանք։
Առանձին կարգավորում է նախատեսվում այն բեռնատարների համար, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3․5 տոննան, ինչպես նաև ավտոբուսների համար։ Մասնավորապես, 4.9.1 ճանապարհային նշանի գործողության գոտում ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում այդ տրանսպորտային միջոցները պարտավոր են երթևեկել հակասահքային շղթաներով։ Դրանք անհրաժեշտ է տեղադրել առնվազն երկու տանող անիվների վրա։
Օրենսդրական պահանջները չեն սահմանափակվում միայն ձմեռային անվադողերի առկայությամբ։ Մասնավորապես, բավարար չէ դրանք տեղադրել ավտոմեքենայի ընդամենը երկու անիվների վրա։ Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե ձմեռային կամ բութակավոր հակասահքային անվադողերը, դրանց օգտագործման դեպքում, տեղադրված չեն բոլոր անիվների վրա։
Բացի այդ, արգելված է նույն սռնու անիվների վրա օգտագործել տարբեր հատկանիշներով անվադողեր։ Խոսքը, մասնավորապես, բութակավոր և առանց բութակների, ինչպես նաև ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն անվադողերի համատեղ տեղադրման մասին է։
Սահմանված են նաև ձմեռային անվադողերի մաշվածության հետ կապված պահանջներ։ Ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհով երթևեկելիս արգելվում է օգտագործել այնպիսի ձմեռային անվադողեր, որոնց պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը կազմում է 4 մմ կամ դրանից պակաս՝ մաշվածության ցուցիչի բացակայության պայմաններում։
Այս պահանջը վերաբերում է այն ձմեռային անվադողերին, որոնք ունեն եռագագաթ լեռան ներսում պատկերված ձյան փաթիլի խորհրդանիշ և միաժամանակ մակնշված են «M+S», «M&S» կամ «MS» նշումներից որևէ մեկով։ Նման անհամապատասխանության հայտնաբերումն իրականացվում է հատուկ տեխնիկական ախտորոշիչ սարքավորումների միջոցով։





