Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի գլխավորությամբ պատվիրակությանը, հույս հայտնել, որ նոր էջ կբացվի ՀՀ և Ղրղզստանի հարաբերություններում:
Նա նշել է, որ ՀՀ-ումմեծ հետաքրքրությամբ ենք հետևում այն տնտեսական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղրղզստանում:
«Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն, և ես հուսով եմ ու համոզված եմ, որ այցի արդյունքում մենք նոր էջ կբացենք մեր հարաբերություններում։ Իհարկե, մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը միշտ ավանդաբար եղել է բարձր մակարդակի վրա և շարունակում է մնալ այդպիսին։ Այսօր մեր հանդիպման և զրույցների ընթացքում մենք քննարկում ենք, թե ինչպես ակտիվացնել մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները։
Եվ մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում այն տնտեսական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղրղզստանում։ Այն նախագծերը, որոնք իրականացնում եք, կարծես միտված են նոր առևտրային ուղիների ստեղծման ընդհանուր նպատակին: Կարծում եմ, որ մեր նախագծերն, ընդհանուր առմամբ, կարող են ինտեգրվել, քանի որ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային զարգացումների արդյունքում, կարծում եմ, մոտ ապագայում մեր տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքները կբացվեն։
Ձեզ մոտ նույնպես տրանսպորտի ոլորտում շատ հետաքրքիր ու կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, և կարծում եմ, որ, հատկապես այս համատեքստում, մենք պետք է քննարկենք, թե ինչպես հետագայում զարգացնենք մեր համագործակցությունը»,-ասել է Փաշինյանը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն իր պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ընդունելության համար և ընդգծել երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը:
«Նախևառաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել ղրղզական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով այցելելու հրավերի համար։ Սրտանց շնորհավորում եմ հայկական կողմին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումն անցավ կազմակերպչական բարձր մակարդակով և ապահովեց միջազգային լայն ներկայացվածություն։
Վերջին տարիներին Ձեր ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր բարեփոխումների իրականացման գործում։ Ուրախալի է տեսնել Հայաստանի տնտեսության կայուն աճը։
Հատկապես կցանկանայի նշել Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված Ձեր ջանքերը։ Համոզված եմ, որ խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության բարձրացման հիմնական պայմաններն են։ Ղրղզստանին և Հայաստանին միավորում են ոչ միայն բարեկամական հարաբերությունները, այլև մեր ժողովուրդների պատմամշակութային ժառանգության նկատմամբ փոխադարձ հարգանքը։
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը ներշնչված է մարդասիրական գաղափարներով և հաստատում է բարության ու փոխըմբռնման արժեքները։ Այս իդեալները համահունչ են ղրղզ ժողովրդի հոգևոր ավանդույթներին։ Վստահ եմ, որ հարուստ մշակութային ժառանգությունն ամուր հիմք է մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման համար։
Ցանկանում եմ ընդգծել, որ Ղրղզստանի Հանրապետությունը կարևորում է ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը։ Այս գործում կարևոր դեր ունի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որը մենք մտադիր ենք խորացնել։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ է պատմության մեջ առաջին անգամ՝ որպես Ղրղզստանի նախագահ, պաշտոնական այցով լինել Հայաստանում»,-ասել է նա:
Ժապարովը վստահություն է հայտնել, որ այս այցը կարևոր քայլ կդառնա երկրների միջև անմիջական կապերի ամրապնդման ուղղությամբ։
Նա հավելել է, որ գործնական համագործակցության զարգացման զգալի ներուժ կա առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։
«Բանակցությունների կարևոր արդյունքներից մեկը կլինի փաստաթղթերի լայն փաթեթի ստորագրումը, որն ընդգրկում է քաղաքացիների տեղաշարժի և գտնվելու, կենսաթոշակային ապահովության, կրթության, գիտության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև համագործակցության մի շարք այլ ոլորտներ։
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա առարկայական քննարկել արդիական հարցերը և նախանշել կոնկրետ քայլեր։ Համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն Ղրղզստան–Հայաստան հարաբերություններին և կամրապնդեն մեր ժողովուրդների բարեկամությունը»,-ասել է Ժապարովը:
Ժապարովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին։ Ղրղզստանի նախագահն այդ մասին ասել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ, հայտնում է Արմենպրեսը:
«Առիթն օգտագործելով՝ կրկին Ձեզ հրավիրում եմ Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը։ Անհամբեր կսպասենք և շատ ուրախ կլինենք Ձեզ կրկին ողջունել ղրղզական հողում»,- ասել է Սադիր Ժապարովը։





