AM
19 Հոկտեմբեր 2026 - 10:31 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես միջազգային հանրության համախմբելու հնարավորություն

Հոկտեմբերի 18-ի երեկոյան մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային և միջոցառումների կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ:

«Կենսաբազմազանությունը միայն բնության հարստությունը չէ։ Այն մեր կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է։ Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենքի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում։

Հայաստանի Հանրապետությունը ևս իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Մեր բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը, մեզ հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ Մեր նպատակը նոր հանձնառությունների ստանձնելուն զուգահեռ, արդեն իսկ առկա հանձնառությունների կատարումն արագացնելը, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելը և յուրաքանչյուր երկրի ու գործընկերոջ ներդրումն առավել արդյունավետ դարձնելն է՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունն անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և, ի վերջո, ամբողջությամբ ենթարկել մեզ։ Բայց բնությունն այդպես չի գործում»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող հրդեհները, էկոհամակարգերի շարունակական քայքայումը և տեսակների անհետացումը հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն` մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունն անբաժանելի են միմյանցից։

«Այս համոզմունքով առաջնորդվելով՝ Հայաստանը COP17-ին ընդառաջ Երևանում համախմբեց առաջնորդներին և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ձևավորելու միասնական տեսլական և ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։

Մեր ուղերձը հստակ էր՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնած պարտավորությունները պետք է արտահայտվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։

Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ և վերահաստատելով մեր վճռականությունը՝ անցնելու հանձնառություններից դրանց լիարժեք իրականացմանը»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ 2022 թվականին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանեց մեր ընդհանուր նպատակներն ու դրանց հասնելու ուղենիշերը, իսկ այժմ եկել է այդ տեսլականը գործի վերածելու ժամանակը։

«Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, և մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն կկարողանանք մեր ստանձնած հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների, իսկ գործողությունները՝ չափելի արդյունքների։

Հենց սա է Երևանի համաժողովի առանցքային առաքելությունը՝ համատեղ գնահատել արձանագրված առաջընթացը, հստակեցնել դեռևս առկա բացերը և համաձայնեցնել այն առաջնահերթ գործողությունները, որոնք թույլ կտան մեզ առավել հետևողականորեն և արդյունավետորեն առաջ շարժվել՝ մեր ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Այսօր հասել ենք դեպի 2030 թվականը տանող ճանապարհի վճռորոշ հատվածին։ Մենք գիտենք, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել և ինչ առաջընթաց ենք գրանցել։ Բայց նաև գիտակցում ենք, որ մեր հավակնությունների և դրանց իրականացման միջև դեռևս զգալի անջրպետ կա։

Հենց այս փուլում է, որ առաջնորդությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Ու թող Երևանը հիշվի ոչ միայն որպես մեր արձանագրած առաջընթացն ամփոփելու հանգրվան, այլև որպես այն վայրը, որտեղ մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը և վճռականությունը՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք կյանքի կոչելու համար և նախանշեցինք այն ուղին, որը ապահովելու է Գլոբալ շրջանակի արագացված իրագործումը մինչև 2030թ։

Ոչ մի կառավարություն, որքան էլ կարողունակ լինի, չի կարող դա անել միայնակ։ Մեզ անհրաժեշտ են համագործակցության պատրաստակամություն ունեցող կառավարություններ՝ պետական կառավարման տարբեր մակարդակներում և ոլորտներում։ Մեզ անհրաժեշտ են քաղաքներն ու համայնքները, բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները, կանայք ու երիտասարդները, գիտական հանրությունը, գործարար և ֆինանսական շրջանակները, քաղաքացիական հասարակությունը»«-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը ստանձնում իր պատասխանատվությունը՝ առաջնորդվելով թափանցիկության, ներառականության և յուրաքանչյուր ձայնի նկատմամբ հարգանքի սկզբունքներով, ինչպես նաև գիտակցմամբ, որ միջազգային համագործակցության իրական արժեքը դրսևորվում է այն ժամանակ, երբ համատեղ ստանձնած հանձնառությունները գործնականում կյանքի են կոչվում։

Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Հայաստանը պատրաստ է իր լիարժեք ներդրումն ունենալ այս ընդհանուր ջանքերում և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ ապահովելու, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները դառնան հետևողական գործողությունների հիմք և հանգեցնեն իրական, երկարաժամկետ արդյունքների՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։ Թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։ Սա նշանակում է գործել հանուն բնության՝ «Taking Action for Nature»,-ասել է նա:

Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության համար և կարևորել միջազգային համագործակցության ամրապնդումը։

«Չնայած աշխարհագրական լարվածությանը և ահագնացող կլիմայական ճգնաժամին՝ այս համաժողովը փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, և ստանձնած հանձնառություններն առաջին հերթին պատվում են»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նա առանձնահատուկ ընդգծել է հայկական կողմի ցուցաբերած հյուրընկալությունը՝ նշելով, որ հայ ժողովրդի ջերմությունն ու բարեհամբույր վերաբերմունքն ակնհայտ են դարձել ժամանման առաջին իսկ պահերից։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպիչներն առավելագույն ջանքեր են գործադրել, որպեսզի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներն իրենց զգան հարազատ և հարմարավետ միջավայրում։

Կոնվենցիայի գործադիր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Երևանում կազմակերպված այս միջազգային հանդիպումը հույսի կարևոր ուղերձ է փոխանցել ամբողջ աշխարհին։ Նա մասնակիցներին կոչ է արել արդյունավետ օգտագործել առաջիկա երկու շաբաթները՝ համախմբելու միջազգային ջանքերը, նախկինում ստանձնած պարտավորությունները գործնական նախաձեռնությունների վերածելու և համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով։ Շոմակերը նաև շեշտադրել է գործընկերային հարաբերությունների խորացման և նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքն արագացնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Շոմակերը նշեց, որ գլոբալ զեկույցների շնորհիվ հստակ է, թե որտեղ ենք գտնվում և որտեղ են բացերը։ Նրա համոզմամբ՝ Երևանում ընթացող հանդիպման առանցքային նպատակը հենց այդ բացերը լրացնելն ու ավելի ազդեցիկ քայլեր նախանշելն է։

Ելույթի ավարտին Շոմակերը շեշտեց, որ COP համաժողով հյուրընկալելը փոքր առաջադրանք չէ, և Հայաստանը հաջողությամբ պատվով հաղթահարել է այդ մարտահրավերը։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարություններին, ՄԱԿ-ի մշտական համակարգողին և կազմակերպչական ողջ թիմին՝ «վարագույրների հետևում» կատարած հսկայական անխոնջ աշխատանքի համար։

Համաժողովի բացմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը, տարբեր երկրների պատվիրակություններ և հրավիրված այլ հյուրեր։Պաշտոնական արարողության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «Հետագիծ» գեղարվեստական կինոնկարը, ինչպես նաև բնության և մշակութային ժառանգության վերաբերյալ պատմող տեսանյութը։ Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի արդյունքները։