Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում մեկնարկած ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովի բացմանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթություններն ու նախագահության հիմնական սկզբունքները։
Նա նշել է, որ Հայաստանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը նաև անմիջական ազգային նշանակության հարց է:
«Մենք հանդիպում ենք միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային փոփոխությունների պայմաններում։ Աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունը և ազգային առաջնահերթությունների միջև մրցակցությունը գնալով ավելի մեծ ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության ձևավորված մեխանիզմների վրա։
Այս պայմաններում Միավորված ազգերի կազմակերպությունը, համապատասխան այլ միջազգային կառույցները և բազմակողմանիության սկզբունքները շարունակում են պահպանել իրենց առանցքային նշանակությունը՝ ապահովելով այնպիսի հարթակ, որտեղ պետությունները, անկախ իրենց ռեսուրսներից, կարողություններից կամ քաղաքական տարաձայնություններից, կարող են փոխգործակցել հավասար հիմունքներով, համադրել տարամետ շահերը և համատեղ հետամուտ լինել ընդհանուր նպատակների իրագործմանը։
Արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս պետությունների ինքնիշխան հավասարությանը, ներառական երկխոսությանը, ինչպես նաև միջազգային կառույցների կարողությանը՝ արձագանքելու իրենց անդամների կարիքներին և առաջնահերթություններին»,-ասել է նա:
Նախարարը նշել է, որ 2022 թվականին Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունումը կարևոր հավաքական ձեռքբերում էր, այժմ նպատակն այն է, որ ստանձնված պարտավորությունները զուգորդվեն հետևողական ներգրավվածությամբ և գործնական իրականացմամբ:
«Հայաստանի համար կենսաբազմազանության պաշտպանությունը նաև անմիջական ազգային նշանակության հարց է։ Մեր երկրի բազմազան լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր բնական ժառանգության կարևոր մասն են և պահանջում են պատասխանատու պաշտպանություն ու պահպանում: COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է տալիս այս ազգային պատասխանատվությունը կապելու բնության պաշտպանության ու վերականգնման համաշխարհային ջանքերին մեր ներդրման հետ:
Մենք մոտեցել ենք այս Համաժողովի նախապատրաստական աշխատանքներին այն գիտակցությամբ, որ նախագահությունը կրում է ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ դիվանագիտական պատասխանատվություն: Մենք նախագահությունը չենք դիտարկում որպես ինքնանպատակ, այլ որպես հնարավորություն՝ օգնելու Կողմերին վստահություն կառուցելու, տարբերությունները հարթելու և ընդհանուր օրակարգն առաջ մղելու գործում:
Լիահույս ենք, որ այն երկխոսությունը, որի խթանմանը շարունակելու ենք նպաստել ինչպես Համաժողովի, այնպես էլ առաջիկա երկու տարվա նախագահության ընթացքում, կնպաստի այնպիսի որոշումների ընդունմանը, որոնք հաշվի կառնեն բոլոր Կողմերի շահերը և կնպաստեն մեր ընդհանուր նպատակների առաջմղմանը։ Մենք առաջնորդվելու ենք անկողմնակալության, ներառականության և Կոնվենցիայի միջկառավարական բնույթի նկատմամբ հարգանքի սկզբունքներով»,-ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ կենսաբազմազանության նշանակությունը միջազգային օրակարգում շատ ավելի լայն է, քան շրջակա միջավայրի պաշտպանությունը. կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխությունը, պարենային անվտանգությունն ու կայուն զարգացումը սերտորեն փոխկապակցված են։ Նա հավելել է, որ մի ոլորտում ընդունված որոշումներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում մյուս ոլորտների վրա՝ ստեղծելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ ազգային քաղաքականությունների և միջազգային համագործակցության համար, ինչը պահանջում է առավել սերտ համակարգում այս ոլորտների միջև և ավելի մեծ ուշադրություն մեր ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքում դրանց փոխկապակցվածության նկատմամբ։





