AM
19 Հոկտեմբեր 2026 - 13:51 AMT

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախագահ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Երևանում պաշտոնապես մեկնարկեցին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի աշխատանքները

Այսօր համաժողովի բացման լիագումար նիստում ընտրվեցի COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը։

Շնորհակալ եմ Կոնվենցիայի կողմերին՝ Հայաստանի և իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ»,-գրել է նա:

Նախարարը բացման ելույթում ընդգծել է, որ Երևանում ունենք բացառիկ հնարավորություն գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը և որ մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։

Նա հավելել է, որ Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

«Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։

Թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների»,-գրել է Մաթևոսյանը:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: