ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի կարող անձամբ երաշխավորել, որ Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական վտանգ չի ներկայացնի Սևանա լճի և Ջերմուկի համար։ Նա այդ մասին հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հանքի շահագործման հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։
«Ես չեմ կարող երաշխավորել, մասնագետներն են դա երաշխավորել կատարած հետազոտությամբ»,– ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:
Լրագրողները Պապոյանի ուշադրությունը հրավիրել են բնապահպանների, անկախ մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունների վրա։ Հիշեցրել են, որ նրանք դիմել են նաև COP17-ի մասնակից երկրներին ու պատվիրակություններին՝ Ամուլսարի հանքի շահագործումը որակելով Հայաստանի համար աղետաբեր ծրագիր, որը, ըստ նրանց, հակասում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիային և խոչընդոտում Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով սահմանված նպատակների իրականացումը։
Պապոյանը, սակայն, պնդել է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը։
«Աշխարհում չկա հանք, որ շրջակա միջավայրի վրա չի ազդում։ Դա սուտ է, եթե ասենք, որ կա հանք, որը շրջակա միջավայրի վրա չի ազդում»,– նշել է նա։
Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ՝ Ամուլսարի վերաբերյալ իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատվել է շատ փոքր։ Նրա խոսքով՝ նախկինում հնչեցված բնապահպանական մի շարք մտահոգություններ մասնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հաստատում չեն ստացել։ Որպես իր պնդումների հիմնավորում՝ Պապոյանը վկայակոչել է 2019 թվականին «Earth Link & Advanced Resources Development» (ELARD) ընկերության իրականացրած հետազոտությունը։ Նախարարը նաև ընդգծել է, որ Ամուլսարի հանքավայրն արդեն անցել է շահագործման փուլ, արտադրանք է թողարկում և արտահանման գործունեություն է իրականացնում։
«1600 աշխատող է այնտեղ աշխատում, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է, որը հանքի գործունեության արդյունքում է ստեղծվել: Հանքը եկող տարի, այս գների պահպանման դեպքում, եթե իհարկե ոսկին չթանկանա, որովհետև տենդենցը թանկանալու է, մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե, եթե թանկանա ոսկին՝ ավելի շատ հարկ կվճարի։ Հանքի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ-ի վրա կկազմի 1․5–2 տոկոս։ Մեր տնտեսությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Ամուլսարի, անհնար է պատկերացնել առանց ԶՊՄԿ-ի և անհնար է պատկերացնել առանց այդպիսի խոշոր հանքարդյունաբերական գիգանտների»,– շեշտել է Պապոյանը։
Դիտարկմանը, որ հանքարդյունաբերությունից ակնկալվող ֆինանսական եկամուտները չեն կարող առաջնային լինել բնապահպանական հնարավոր վնասների և ապագա սերունդների անվտանգության նկատմամբ, նախարարը հակադարձել է լավատեսական կանխատեսումներով։
«Հայաստանի կենսաբազմազանության և ապագա սերունդների հետ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև դրա համար պետք է այսօր շատ փող»,– ասել է Պապոյանը։
Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտները հնարավոր կլինի ուղղել կրթությանը, առողջապահությանը, անտառատնկմանը, ջրամբարների կառուցմանը և ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանը։
Ամուլսարը Հայաստանի ոսկու պաշարներով երկրորդ խոշորագույն հանքավայրն է։ Դրա կառավարումն իրականացնում է «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը միջազգային «Lydian International» ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Տևական ժամանակ հանքավայրը չէր գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
2023 թվականին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի 12․5 տոկոսը փոխանցել է ՀՀ կառավարությանը։ Ավելի ուշ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքները վերսկսվել են։ 2026 թվականի հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրում պաշտոնապես մեկնարկել են ոսկու արդյունահանման աշխատանքները։





