AM
19 Հոկտեմբեր 2026 - 16:08 AMT

Պապոյանը՝ Շիկահողում հատումների մասին․ ՀՀ 29․743 քկմ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից ծառահատումներ իրականացնելու մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանի 29․743 քկմ տարածքից դուրս ոչ մի բան իշխանությունների ուշադրության կենտրոնում չէ։

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հայաստանի իշխանությունները նախատեսում են COP17 միջազգային համաժողովի շրջանակում օտարերկրյա գործընկերներին ներկայացնել Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրը, հայտնում է Panorama.am-ը:

Պապոյանն ընդգծել է, որ այնտեղ, որը սահմանագծումից ներս կլինի, բոլոր աշխատանքները կկատարեն կենսաբազմազանության պահպանման համար, իսկ ինչը սահմանից դուրս կլինի, իրենց հետաքրքրությունից դուրս կլինի:

«Ամեն երկիր ինքն իրավունք ունի որոշել, թե ինչ է անում իր տարածքում»,-ասել է նա:

Կրկին հնչել է հարցը՝ «ՀՀ տարածքում ադրբեջանցիները հատում են արգելոցի անտառները»:

Նախարարը պատասխանել է․ «Հայաստանի տարածքը 29․743 քկմ է, և մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29․743 քկմ տարածի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը»:

2024-ի հունիսի 16–ին Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Շիկահողի բնակիչների հետ, խոսել սահմանազատումից: