AM
19 Հոկտեմբեր 2026 - 16:29 AMT

Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նրան համալսարանի Գիտական խորհրդին ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Սվաջյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում կայացած քվեարկության արդյունքներով։

Նախարարը ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժականում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ: Անդրեասյանը նշել է, որ նույնիսկ նախարարությունում պաշտոնավարելու ընթացքում Սվաջյանը պահպանել է մասնագիտական կապը բուհի հետ՝ շարունակելով դասավանդել և մասնակցել համալսարանի կառավարմանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նախարարի գնահատմամբ՝ կրթական համակարգի տարբեր ուղղություններում, մասնավորապես նախադպրոցական կրթության ոլորտում, Արաքսիա Սվաջյանի կուտակած փորձն ու իրականացրած նախաձեռնությունները կարևոր հիմք են համալսարանի արդյունավետ ղեկավարման համար։

ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և առանձնացրել առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։

Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Լիլիթ Մկրտչյանին՝ համալսարանի համար կարևոր ժամանակահատվածում բուհին միանալու, ճգնաժամային շրջանում բնականոն գործունեությունն ապահովելու համար և շնորհավորել նրան՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումները Կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից են։

Ապրիլին Հակակոռուպցիոն կոմիտեիում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը: Նրանց վերագրվել են ծառայողական լիազորությունների չարաշահման, խարդախության, խարդախությանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներ։