Պետական եկամուտների կոմիտեն կանխել է Հայաստանից Միացյալ Նահանգներ մոտ 38 հազար տուփ ծխախոտի ապօրինի արտահանման փորձը։ Ապրանքը թաքցված է եղել լամինատե դռների ներսում։
ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ «Կարգո» բեռնային համալիրում իրականացված ստուգման ժամանակ մաքսային ծառայողները զննել են Միացյալ Նահանգներ ուղարկելու համար նախատեսված լամինատե դռների խմբաքանակը։
Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանվել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։ Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։
Դռների կազմաքանդման արդյունքում մաքսային ծառայողները հայտնաբերել են տարբեր երկրներում արտադրված, ակցիզային դրոշմանիշեր չունեցող ընդհանուր 37 հազար 900 տուփ ծխախոտ։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ համապատասխան նյութերը փոխանցվել են Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն։





